Փաշինյանի «ընդդիմությունը»
- marineyeremyan99
- Feb 15, 2022
- 1 min read

Ավելի վաղ խոսվում էր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներում արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին ներգրավվելու իշխանության ցանկության մասին: Երեկ Անդրանիկ Քոչարյանը պարզաբանել է, որ այդ հարցը հընթացս է որոշվելու. «Այս պահին որևէ արտախորհրդարանական ուժ ներգրավված չի»: Որպես կանոն, Քոչարյանը կեղծում է կամ կիսատ է ներկայացնում փաստերը։ Այս դեպքը նույնպես բացառություն չէ։
ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը ստեղծել է արհեստական մի մարմին՝ խորհրդակցական ժողով, որի շրջանակներում պարբերաբար հանդիպում է ԱԺ չանցած, սակայն իրեն լոյալ տասը կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Շատերն էին տարակուսում, թե առերևույթ լեգիտիմության խնդիր չունեցող Փաշինյանի ինչի՞ն է պետք նման արհեստական մարմինը։ Դեռ այն ժամանակ պարզ էր, որ արհեստական «խորհրդակցական ժողովի» ներկայացուցիչներով պետք է «ականապատվի» պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեությունը։
Փաշինյանի արտախորհրդարանական «էմիսարներն» այս հանձնաժողովում պետք է լինեին Սամվել Բաբայանը(որն, ի դեպ, պատերազմի վերաբերյալ հարցերի պատասխանողի, ոչ թե դրանք ձևակերպողի կարգավիճակ պետք է ունենա), Դավիթ Սանասարյանը և Նորիկ Նորիկյանը։ Այս երեք գործիչներն ավելի շատ հայտնի են նրանով, որ, ըստ էության, ընդդիմություն են «աշխատում» գործող ընդդիմությանը, այլ խոսքով՝ անգնահատելի ծառայություն են մատուցում Փաշինյանին՝ հաճախ հյուրընկալվելով իշխանական մեդիայի եթերներում։
Երբ Անդրանիկ Քոչարյանն ասում է, որ քննիչ հանձնաժողովին արտախորհրդարանական ուժերի մասնակցության հարցը հընթացս է որոշվելու, ակնհայտորեն մատնում է՝ իշխանության սցենարը խափանվել է։ Ստեղծված նոր իրավիճակում, երբ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները չեն մասնակցում քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, ընդդիմությանը «ընդդիմություն» աշխատող ուժերի պահանջարկն այլևս չկա, մանավանդ, որ նրանք չափազանց բարձր գին են ուզում իրենց ծառայությունների դիմաց։
Վահրամ Բագրատյան


























Comments