Կարևորում եմ պատերազմի հանգամանքների հետ կապված քրգործի արդյունավետ նախաքննությունը. Փաշինյան
- Oct 8, 2021
- 2 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ քննչական կոմիտե և մասնակցել կառույցի կազմավորման 7-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: Միջոցառմանը ներկա էին Քննչական կոմիտեի ղեկավար կազմը և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել շնորհավորական խոսքով, որում նշել է.
«Քննչական կոմիտեի մեծարգո նախագահ,
Հարգելի գործընկերներ,
Շնորհավորում եմ բոլորիս Քննչական կոմիտեի ծառայողի օրվա և Քննչական կոմիտեի կազմավորման 7-ամյակի առիթով: Կարծում եմ՝ հատկապես մեր պետության զարգացման այս փուլում, երբ մենք առերեսվում ենք բազմաթիվ մարտահրավերների, նորից ու նորից պիտի ընդգծենք պետական ինստիտուտների կայացման և զարգացման անհրաժեշտությունը: Այս առումով ուզում եմ առանձնահատուկ ընդգծել իրավակարգի ապահովման մարմինների աշխատանքի արդյունավետության և որակի բարձրացումը, որը շրջադարձային և առանցքային նշանակություն ունի մեր պետության հետագա զարգացման և մարտահրավերների կառավարման առումով: Այս իմաստով մենք մեր բոլոր քննչական մարմինների օրերի, հոբելյանների առիթով ընդգծում ենք նախաքննության որակի բարձրացման անհրաժեշտությունը: Պիտի արձանագրել, որ այս առումով ունենք շարունակական առաջընթաց, բայց պիտի նաև արձանագրենք, որ ձեռք բերվածը չպիտի բավարար համարենք: Այս առումով ուզում եմ երկու կարևոր բաղադրիչ ընդգծել:
Շատ կարևոր է, որպեսզի Քննչական կոմիտեում և ընդհանրապես քննչական մարմիններում, իրավակարգի մարմիններում, պետական կառավարման համակարգում ընդհանրապես, աշխատանքի որակի չափանիշների բարձրացմանը զուգընթաց, մենք կարողանանք նաև սոցիալական երաշխիքների ավելի հուսալի և ավելի բարձր նշաձող սահմանել: Սա նույնպես Կառավարության որդեգրած քաղաքականության առաջնահերթություններից է: Բայց պիտի ասեմ նաև՝ բոլոր պետական մարմիններում չենք կարող այս ուղղությունը մեզ համար ցանկալի արագությամբ և տեմպերով զարգացնել, եթե այն չզուգակցենք մեր պետական ինստիտուտների արդյունավետության բարձրացման գործընթացով՝ բոլոր առումներով:
Հաջորդ խնդիրը, որին ուզում եմ անդրադառնալ հենց ասվածի համատեքստում՝ շատ կարևոր եմ համարում, որպեսզի մեր հանրությունն ստանա ամբողջական պատասխաններ 44-օրյա պատերազմի հանգամանքների, տեղի ունեցած ամբողջ պատկերի վերաբերյալ: Իհարկե, չեմ կարծում, թե այդ պատասխանները պիտի ակնկալենք միայն Քննչական կոմիտեից, որովհետև, ի վերջո, խնդիրն ավելի լայն համատեքստ ունի, և կարծում եմ՝ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովն այդ լայն համատեքստին ավելի ընդարձակ կանդրադառնա:
Բայց նաև կարևորում եմ պատերազմի հանգամանքների հետ կապված քրեական գործերի արդյունավետ նախաքննությունը, որպեսզի մեր հանրությունը և մեր նահատակների հարազատները կոնկրետ հարցերին ստանան կոնկրետ պատասխաններ: Ընդ որում, այստեղ որևէ կանխավարկած նկատի ունենալը կլինի ճակատագրական սխալ: Պարզապես պետք է ձևակերպված հարցերն ստանան օբյեկտիվ պատասխաններ, որպեսզի մեղավորության կամ անմեղության մասին պնդումները հիմնված չլինեն անհատական ընկալումների և իրավիճակի ոչ ամբողջական պատկերացման վրա:
Ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել այս ընթացքում կատարած աշխատանքի համար: Որովհետև պիտի նաև արձանագրենք, որ մեր երկիրը շատ դժվար ժամանակաշրջան է ապրում և անցել է այդ դժվարության միջով շատ լարված և կուլմինացիաներով հարուստ ժամանակահատվածում: Եվ այն, որ մենք կարողացանք այդ ժամանակահատվածը հանգուցալուծել ընտրություններով, որոնք միջազգայնորեն արձանագրվեցին որպես ժողովրդավարության չափանիշներին համապատասխան, նաև մեր իրավակարգն ապահովող ինստիտուտների գործունեության և ամրության շատ կարևոր արտահայտություն է:
Բայց նաև պիտի ասեմ, որ այս ամբողջ ընթացքում վերլուծությունն է շատ կարևոր՝ ինչ է տեղի ունեցել մեզ հետ: Որպեսզի իսկապես ինստիտուտները լինեն առաջնային և առանցքային, և անձնական ընկալումները, մոտեցումներն ու ցանկությունները հնարավորինս քիչ ազդեցություն ունենան այդ ինստիտուտների աշխատանքի, նրանց բովանդակության և արդյունքների վրա»:


























Comments