Փաշինյանը՝ հակահամակարգի սիմվոլ
- marineyeremyan99
- Jan 20, 2022
- 2 min read

Խորհրդարանական երեկվա օրվա հերոսը էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էր։
Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ պատգամավոր Արեգնազ Մանուկյանը էկոնոմիկայի նախարարին հիշեցրեց իր նախկին հայտարարությունը այն մասին, որ երկնիշ տնտեսական աճ չապահովելու դեպքում ինքը հրաժարական կտա։ Երեկ ավելի վաղ այս նույն հիշեցմանը նախարարը արձագանքել էր, թե կատակել է։ Իսկ Մանուկյանը հարցուպատասխանին եկել էր մեկ այլ ձայնագրությամբ, որտեղ Քերոբյանը բավականին լուրջ էր խոսում։
Իրավիճակը կտրում փոխվեց, երբ «կատակասեր» նախարարի փոխարեն՝ հարցին պատասխանեց Նիկոլ Փաշինյանը, որը այլ վարկած առաջ քաշեց․ «Պարոն Քերոբյանին ես եմ արգելել հրաժարական տալ, և ես կորոշեմ յուրաքանչյուր նախարար և կառավարության անդամ ինչքան կաշխատի և ինչքան չի աշխատի»։
Այնպիսի տպավորություն է, որ «կատակի» վարկածը շատ անլուրջ է թվացել իշխանությանը ու ժամերի ընթացում Փաշինյանը որոշել է «ուժեղ ձեռքի» ցուցադրություն անել՝ հրապարակավ ազդարարելով, թե ինքն է երկրի «միակ որոշողը»։ Մյուս կողմից, վարչապետը նույնիսկ չի էլ գիտակցում, թե ինչպիսի վտանգավոր թեզ է առաջ քաշում՝ անուղղակիորեն ակնարկելով, թե իր անմիջական ենթականերն ընդամենը մարիոնետներ են՝ այնքան զուրկ ինքնուրույնությունից, որ նույնիսկ հրաժարական տալու հարցում կաշկանդված են։ Սակայն, որ ավելի վտանգավոր է՝ Փաշինյանը ներդնում է քաղաքական տոտալ անպատասխանատվության ինստիտուտը։ Քաղաքակիրթ աշխարհում կարգն է այդպես․ երբ կառավարությունը կամ դրա առանձին անդամ ձախողում են կոնկրետ ծրագիր, նախընտրական խոստում, հրաժարական են տալիս։ Փաշինյանը պետք է ոչ թե կանխեր, այլ խրախուսեր Քերոբյանի հրաժարականը կամ նույնիսկ ինքը պաշտոնանկ աներ նրան։
Բայց գործող վարչապետը քաղաքական անպատասխանատվության, կոնտրաստային հայտարարությունների, հակահամակարգի սիմվոլ է ու նրան հարազատ է Քերոբյանի կերպարը։ Վերջին չորս տարիներին քաղաքական, հրապարակային խոսքն արժեզրկվել են, դարձել են գետնին հավասար մի բան։ Պատահական չէ, որ երեկ, երբ պատգամավոր Արթուր Ղազինյանը Փաշինյանին հարց է ուղղում, վարչապետը դրան պատասխանելու փոխարեն` կաշառակեր է անվանում նրա դեկան հորը՝ մոռանալով քաղաքական մշակույթի, անմեղության կանխավարկածի մասին
Փաշինյանը մոռանում է, որ արդեն չորս տարի է՝ ոչ թե սկանդալային թերթի խմբագիր է, այլ՝ երկրի վարչապետ։
Վահրամ Բագրատյան


























Comments