Արմեն Գևորգյանի և նրա ընտանիքի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․ փաստաբանական թիմ

ՀՀ նախկին փոխվարչապետ, այժմ «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը շարունակվում է։
Այս մասին հայտարարել են Արմեն Գևորգյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանը և Էրիկ Ալեքսանյանը։ Պաշտպաններն արձանագրում են, որ գործող իշխանությունը թիրախավորել է նաև Արմեն Գևորգյանի ու նրա կնոջ բազմաթիվ հարազատների:
Պաշտպանները մասնավորապես նշում են, որ մեկ տարի առաջ Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք էր առաջադրել Արմեն Գևորգյանի 75-ամյա հորը` Անդրանիկ Գևորգյանին, նրա նկատմամբ ընտրել խափանման միջոց, սահմանափակելով սահմանային շարժը։
Այս ամենի հետևանքով արդեն մեկ տարի է, ինչ Անդրանիկ Գևորգյանը զրկված է անգամ բուժման նպատակով Հայաստանից մեկնելու հնարավորությունից, իսկ այսօր Արմեն Գևորգյանի հոր ողջ գույքի վրա արգելանք է դրվել։ Պաշտպանները համոզված են, որ որոշումը ապօրինի է և զավեշտալի են համարում այն փաստը, որ այդ նույն գույքի վրա արգելանք դնելու մասին սա արդեն երկրորդ որոշումն է։
Պաշտպանների պնդմամբ արգելանք է դրվել իբր թե հանցավոր ճանապարհով ձեռք բերված այնպիսի գույքի վրա, որը ձեռք բերված է եղել շատ ավելի վաղ, քան առաջադրված մեղադրանքում ներկայացված հանգամանքներն են տեղի ունեցել։ Պաշտպանները Հատուկ քննչական ծառայության նման գործելակերպը որակում են որպես ճղճիմ հետապնդման հերթական դրսևորում։ Փաստաբանները Լուսինե Սահակյանը և Էրիկ Ալեքսանյանը հայտնում են, որ նախօրեին, արդեն, Հատուկ քննչական ծառայության կողմից հարցաքննության է հրավիրվել Ա.Գևորգյանի կնոջ մայրը՝ Կարմեն Սահակյանը։
Փաստաբանական թիմը ցավով է արձանագրում, որ Հայաստանի պետական մարմիններն իրենց իրական պարտականությունները մոռացած, լծված են մեկ քաղաքական ուժի կողմից տրված հանձնարարությունները կուրորեն կատարելուն, սակայն այնուամենայնիվ պետք է հիշել, որ կան նաև բարոյական սահմաններ, որոնք խախտել երբեք չի կարելի։
Aa























Comments