Պատերազմի դեմքերը․ ով որտեղ է հիմա․ ՄԱՍ 2-ՐԴ

Արցախյան 44-օրյա պատերազմից անցել է մեկ տարի, սակայն հասարակությունը դեռևս չի ստացել հարցերի պատասխաններ, որոնք պետք է տային պատերազմի դեմքերը՝ ռազմաքաղաքական ղեկավարներն ու բարձր սպայական կազմը։
MediaHub.am-ը շարունակում է ներկայացնել, թե պատերազմից մեկ տարի անց որտե՞ղ են և ի՞նչ են անում այդ մարդիկ։
Պատերազմի օրերին ՀՀ պաշտպանության նախարարը Դավիթ Տոնոյանն էր։ Ըստ մամուլի հրապարակումների՝ սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմի ժամանակ նա գտնվել է Մալդիվներում՝ մասնակցում էր իր մտերիմներից մեկի ծննդյան տոնակատարությանը։ Բացի այդ, լուրեր տարածվեցին, թե Դավիթ Տոնոյանը ներգրավված է երրորդ երկրի միջոցավ Թուրքիային զենքի վաճառելու գործարքներում, ինչպես նաև մասնավոր ինչ-որ անձինք նրան առաջարկել են 300 դոլարով ՌԴ-ից ձեռք բերել զրահաբաճկոններ, բայց նախարարությունը մերժել է այդ առաջարկը, հետո մասնավոր մեկ այլ ընկերության միջոցով ձեռք է բերել նույն զրահաբաճկոններն ավելի քան 1000 դոլարով։ Այդ լուրերը ՊՆ-ն խստագույնս հերքեց, իսկ ահա, նոյեմբերի 9-ի հայտնի հայտարարությունից հետո Դավիթ Տոնոյանն այդպես էլ չպատասխանեց, թե ինչ թերացումներ ունեցավ ՊՆ-ն, ինչպիսի բացթողումներ կային, քանի որ պարզապես լքեց պաշտոնը․ նոյեմբերի 20-ին նա հայտարարեց, որ ազատվում է պաշտպանության նախարարի պաշտոնից։
Դավիթ Տոնոյանի անունը կրկին շրջանառվեց շաբաթներ առաջ, երբ սեպտեմբերի 30-ին նրան ձերբակալեցին առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածով։ Նա ձերբակալվել է ԶՈւ կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ՊՆ և ԶՈւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։
Հասարակության հարցերն անպատասխան թողեց նաև ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, որը եռակողմ հայտարարությունից հետո անդրադարձավ պատերազմի դրվագներին՝ ներկայացնելով, թե ինչ բացթողումներ են եղել։ Նա նոյեմբերի 17-ին հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ պատերազմի չորրորդ օրն անվտանգության խորհրդի նիստի ժամանակ նա ներկայացրել է մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ 2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ։ Նա, միևնույն ժամանակ, հայտարարեց, որ առկա ճգնաժամի հայրենանպաստ լուծում հնարավոր է ապահովել բացառապես վարչապետի հրաժարականի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում։
Վարչապետն այդ հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց և ԳՇ պետի պաշտոնանկության առաջարկությամբ դիմեց նախագահին։ Նախագահը փետրվարի 27-ին առարկություններով վերադարձրեց հրամանագրի նախագիծը, սակայն վարչապետը կրկին ուղարկեց իր միջնորդությունը։ Մարտի 2-ին Հայաստանի նախագահը հայտարարեց, որ որոշել է չստորագրել հրամանագիրը և առանձին դիմումով դիմելու է Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։ Այնուամենայնիվ, մարտի 10-ին Փաշինյանը հայտարարեց, որ Օնիկ Գասպարյանն օրենքի ուժով ազատվել է ԳՇ պետի պաշտոնից։ Այդ հրամանագիրը Գասպարյանը վիճարկել է դատարանում։ Այս պահին Օնիկ Գասպարյանի անունը որևէ կերպ չի շրջանառվում։
Արցախի պաշտպանության նախկին նախարար, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանից ևս հանրությունը լուրջ պատասխաններ էր ակնկալում։ Հոկտեմբերի 27-ին վիրավորում ստանալուց հետո Հարությունյանը մինչև դեկտեմբերի 4-ն անցկացրեց հիվանդանոցում։ Սոցցանցերում և լրատվամիջոցներում լուրեր են պտտվում, որ Ջալալ Հարությունյանը որոշ հարցերում համաձայն չի եղել երկրի ռազմաքաղաքական ղեկավարության հետ, ուստի նրա նկատմամբգ մահափորձ է կատարվել։
Վարկածներից մեկի համաձայն՝ նա վրդովվել է Հորդանանից ներկրված ՀՕՊ համակարգերի անսարքություններից։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ կտրականապես դեմ է եղել Լելե-Թեփեի և Ջաբրայիլի ուղղությամբ հակահարձակմանը։ Տեսակետներ էին հնչում նաև, որ Ադրբեջանն ինքնուրույն չէր կարող իմանալ Հարությունյանի տեղաշարժի մասին։
Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Հարությունյանը որևէ տարբերակով չմեկնաբանեց այդ լուրերը։ Նա միայն հարցաքննվել է իր նկատմամբ մահափորձ կատարելու հատկանիշներով հարուցված քրգործի շրջանակում։
Նշենք, որ փետրվարի 4-ին Ջալալ Հարությունյանը նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ։
Շարունակելի...
Նարե Գևորգյան























Comments