top of page

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչները հանդիպել են Արա Այվազյանին. «Կան որոշակի մտահոգություններ»

May 22, 2021
2 min read

ԱԳ նախարարի պաշտոնակատարի հետ հանդիպմանը բարձրացվել է, թե ինչ է կատարվում ՀՀ արտաքին սահմանների հետ, ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել գործող իշխանությունները, ի վերջո, ինչ տարածքներ են պատրաստվում զիջել, ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։


Ի կատարումն «Պատիվ ունեմ» դաշինքի պահանջի՝ տեղի է ունեցել դաշինքի ներկայացուցիչների և ՀՀ ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արա Այվազյանի հանդիպումը, որի ընթացքում «Պատիվ ունեմ» դաշինքը ԱԳ պաշտոնյայից պարզաբանումներ է պահանջել Հայաստանի և Արցախի կենսական շահերին վերաբերող գործընթացների և սեղանին առկա փաստաթղթերի վերաբերյալ:


Արա Այվազյանի հավաստիացրել է, որ իրենց գերատեսչությունը տեղյակ է միայն մամուլում շրջանառվող նախագծից, և որևէ այլ փաստաթուղթ ԱԳՆ խողովակներով չի անցել:


«Պատիվ ունեմ» դաշինքը չի բացառում ՀՀ կենսական շահերին առնչվող հավելյալ նախագծերի առկայության կամ նախապատրաստման գործընթացը, որը ընթանում է՝ շրջանցելով արտաքին քաղաքականության համար պատասխանատու գերատեսչությունը, հաշվի առնելով դավադիր կապիտուլյանտի ստախոս աշխատաոճը, որը կործանարար է ՀՀ-ի ու Արցախի համար:


«Պատիվ ունեմ» դաշինքը տարածած հայտարարության մեջ նշել է. «Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ կապիտուլյանտը բազմիցս մոլորեցրել է հանրությանը, թաքցրել բանակցային գործընթացի կարևորագույն դրույթները, «բանավոր ըմբռնումով» տարածքներ է հանձնել, գաղտնիության պայմաններում տարբեր խնդրահարույց հարցերի շուրջ պայմանավորվածություններ է ձեռք բերել թշնամու հետ և փաստաթղթեր ստորագրել»:


Հայտարարության մեջ նաև նշվում է, որ վերջին շրջանում քիչ չեն վարչապետի աթոռից կառչած անձի և ԱԳՆ պատասխանատուների հայտարարությունների միջև առկա ակնհայտ հակասությունները, որոնք իշխանությունների քաոտիկ կառավարման մասին վկայող ևս մեկ ախտանշան են հանդիսանում:


Փաստել են, որ ստեղծված ճգնաժամը իշխանության հանցավոր անգործության, մասնավորապես՝ պետական սահմանի տարբեր հատվածներում անվտանգային անհրաժեշտ համակարգերի ներդրման տապալման հետևանք է, ինչի արդյունքում Ադրբեջանը ոչ միայն զարգացրել է իր առավելությունը մարտադաշտում և դիվանագիտական հարթությունում, այլև Հայաստանին նոր զիջումների օրակարգ թելադրել:


Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված ծանր իրադրությունը «Պատիվ ունեմ» դաշինքը գործող իշխանություններից պահանջում է.


1. անմիջապես դադարեցնել բոլոր ստվերային գործարքները և գաղտնի բանակցությունները Հայաստանին և Արցախին վերաբերող հարցերով:


2. մինչև արտահերթ ընտրությունների ավարտը և նոր իշխանության ձևավորումը զերծ մնալ Հայաստանի Հանրապետության անունից հայ ժողովրդի ազգային շահերին առնչվող խոստումներից։


3. դիվանագիտական ներուժը կենտրոնացնել Արցախի կարգավիճակի, Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգման և ապահովման, ինչպես նաև գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին վերադարձնելու ուղղությամբ:


«Պատիվ ունեմ» դաշինքը հորդորում է Ադրբեջանին դուրս բերել իր զինված ուժերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից՝ վերահաստատելով իր պատրաստակամությունը անհրաժեշտության պարագայում կրկին լծվել հայրենիքի պաշտպանության գործին»:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page