Փայտի և գոմաղբի գինը բարձրացել է. ջեռուցման այլըտրանքային տարբերակ են փնտրում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Եթե Երևանում և մարզային քաղաքներում մարդկանց համար ձմռանը տաքանալու հիմնական միջոցը գազը կամ էլեկտրաէներգիան է, ապա շատ գյուղերում գոմաղբն ու փայտն են: Հայաստանում գազի և էլեկտրաէներգիայի սակագները բարձր են, ինչի արդյունքում ՀՀ քաղաքացիների գերակշիռ մասը ստիպված է ձմռան ամիսներին բնակարանները ջեռուցելու այլընտրանքային տարբերակներ փնտրել: Խոսքը ոչ միայն փայտի, այլև գոմաղբի մասին է:
Փոքրիկ հարցման արդյունքում պարզեց, որ փայտի մեկ խորանարդ մետրի արժեքը սկսում է 35000 դրամից և հասնում մինչև 40000 դրամի: Ավելին, փայտավաճառներն ասում են, որ առաջիկա ամիսներին փայտի գինն է՛լ ավելի կբարձրանա, որովհետև փայտ չկա, և «անտառից չեն կարողանում հանել»: 21-րդ դարում շատ գյուղերում ունենալով գազաֆիկացման հսկայական ցանց՝ մարդիկ մնում են գոմաղբի հույսին: Այս տարի հատկապես գյուղերի բնակչության մեծ մասը, եթե ոչ բոլորը, նորից անցնելու են գոմաղբ վառելուն: Ասել է թե՝ հեռավոր մարզերում քիչ չեն գյուղերը, որտեղ առհասարակ նահանջ է քաղաքակրթությունից. մարդիկ նորից գոմաղբ են վառելու, ինչն ավելի էժան է:«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեկ բեռնատար գոմաղբն այսօր Արագածոտնի գյուղերում արժե 70-75 հազար դրամ:
Կան գյուղացիներ, որոնք մեկ պարկ մանրացանն առաջարկում են 600 դրամով: Ընդ որում, խոսքը գազաֆիկացված բնակավայրերի մասին է, որտեղ, փաստորեն, գազ են օգտագործում միայն գյուղական հարուստները` մի քանի ընտանիք, իսկ մնացած բնակիչների համար գազը շքեղություն է, որը նրանք այլևս չեն կարող իրենց թույլ տալ, միգուցե միայն՝ սուրճ պատրաստելու համար»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում























Comments