top of page

Պաշտոնյան իր եկամուտների մասին տվյալները կեղծել է. «Փաստինֆո»

May 5, 2021
2 min read

Պաշտոնյաների կողմից իրենց եկամուտները, դրանց աղբյուրը հայտարարագրերում թաքցնելու վերաբերյալ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» կողմից ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկված երեք հաղորդումներից մեկով հարուցվել է քրեական գործ։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» կողմից պաշտոնատար անձանց հայտարարագրերում հայտնաբերված առերևույթ կասկածահարույց հանգամանքների վերաբերյալ հաղորդումներ են ներկայացվել, որոնցից մեկը վերաբերում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին։

«Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե ինչ քայլեր են ձեռնարկվել հանձնաժողովի ներկայացրած հաղորդումների հետքերով, ինչին ի պատասխան հայտնել են, որ «ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությունում «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ստացվել է 3 հաղորդում «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարատու պաշտոնատար անձանց կողմից 2019թ տարեկան հայտարարագրերում ենթադրյալ կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու վերաբերյալ։

Նշված հաղորդումներից մեկով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի չհայտարարագրմանը։

Ներկայացված հաղորդումներից մեկի վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ՀՀ ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում, իսկ երրորդ հաղորդումը ՀՀ դատախազությունում ուսումնասիրության փուլում է գտնվում»։

Բացի այդ, դատախազությունից հայտնել են, որ զանգվածային լրատվության միջոցներում կատարված հրապարակումների վերաբերյալ նախապատրաստված նյութերով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարատու պաշտոնատար անձանց կողմից 2019թ տարեկան հայտարարագրում ենթադրյալ կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու դեպքերի առթիվ 2020 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որոնցով քրեական հետապնդում է սկսվել երեք անձի վերաբերյալ։

Նշենք, որ ևս մեկ քրեական գործ է հարուցվել նաև ֆիզիկական անձի հաղորդման հիման վրա։

««Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարատու պաշտոնատար անձանց կողմից 2019թ տարեկան հայտարարագրում ենթադրյալ կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով մեկ քրեական գործ է հարուցվել ֆիզիկական անձի հաղորդման հիման վրա»,-հայտնել են դատախազությունից՝ հավելելով, որ ելնելով նախնական քննության շահերից՝ այլ տվյալներ ներկա պահին չեն տրամադրվում։

Նշենք, որ գրավոր հարցմամբ խնդրել էինք նաև հայտնել, թե որ պաշտոնատար անձանց մասին է խոսքը, սակայն դատախազությունից այդ մասով տեղեկատվություն չեն տրամադրել։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page