top of page

ԱՄՆ-ը դատապարտում է էսկալացիան հայ-ադրբեջանական սահմանին

  • Aug 21, 2021
  • 1 min read


Միացյալ Նահանգները դատապարտում է Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին վերջին էսկալացիան:


ԱՄՆ պետդեպարտամենտը կողմերին կոչ է պահպանել հրադադարի իրենց հանձնառությունները և անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ:


«Միացյալ Նահանգները հորդորում է հնարավորինս շուտ վերադառնալ առարկայական բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հասնելու հակամարտության տևական քաղաքական կարգավորման», - ասված է «Արմենպրես»-ի հարցմանը ԱՄՆ պետքարտուղարության տրամադրած պատասխանի մեջ:


Շարունակվող լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին, ըստ Վաշինգտոնի, ընդգծում է այն փաստը, որ միայն բոլոր չլուծված հարցերը կարգավորող համապարփակ կարգավորմամբ հնարավոր կլինի նորմալացնել հարաբերությունները երկու երկրների միջև և տարածաշրջանի մարդկանց հնարավորություն տալ միմյանց հետ խաղաղ ապրելու։


Վերջին օրերին Ադրբեջանը պարբերաբար սրում է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում: Մասնավորապես, օգոստոսի 16-ի առավոտյան ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ, Երասխի հատվածում: Ժամը 09:50-ի սահմաններում, հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 1975թ. ծնված, ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը: Օգոստոսի 16-ին, ժամը 18:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:


Ծավալված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 2002թ. ծնված, շարքային Արման Հովհաննեսի Հակոբյանը: Օգոստոսի 17-ին, ժամը 14։45-ից սկսած, Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի, մասնավորապես` Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ զինված ուժերի մեկ զինծառայող:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page