Պետք է սովորենք թշնամիների հետ «համակեցությանը»
- marineyeremyan99
- Feb 21, 2022
- 1 min read

Ազգային ժողովի լրատվական բաժինը հաստատել է ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվությունն այն մասին, որ փետրվարի 21-22-ին Երևանում տեղի կունենան Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և հանձնաժողովների նիստերը: Նիստերին կմասնակցեն Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների և Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ: Պլանավորվում է Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաև Ադրբեջանի, Ուկրաինայի, Վրաստանի խորհրդարանների պատգամավորների այցը Երևան:
Ադրբեջանցի պատվիրակների մասնակցության շուրջ դեռ բանակցություններ են ընթանում ու այնքան էլ ակնհայտ չէ՝ նրանք ժամանե՞ն Երևան, թե՞ ոչ։ Ինքնին հասկանալի է, որ 44-օրյա պատերազմից հետո մեր հասարակության ստվար զանգվածը, այդ թվում՝ հայտնի ու հեղինակավոր մարդիկ, ընդվզում են ադրբեջանական պատվիրակության այցի դեմ, անգամ անոնսավորում են ակցիաների անցկացման մասին։
Մարդկանց հույզերն, անշուշտ, հասկանալի են, մյուս կողմից՝ քաղաքականությունը, աշխարհաքաղաքականությունն ունեն իրենց կանոնները ու դրանք չեն կարող շրջանցվել Հայաստանի կողմից, եթե, իհարկե, մենք ցանկանում ենք ինտեգրված մնալ միջազգային կառույցներին, հանրությանը։
Հայաստանն ու Ադրբեջանը թշնամական երկրներ են, սակայն միասին ընդգրկված են բազմաթիվ միջազգային ու տարածաշրջանային կառույցներում ու, բնականաբար, միջազգային կամ ռեգիոնալ համատեքստում բազմաթիվ նիստեր կարող են անցկացվել թե Երևանում և թե Բաքվում։ Այս իրողությունները ենթադրում են, որ մեր պատվիրակությունները պետք է մեկնեն Բաքու և հակառակը՝ ադրբեջանցիները հյուրընկալվեն Երևանում։ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը նման միջազգային հարթակներից մեկն է, որ վաղը հյուրընկալվում է Երևանում, մյուս անգամ նիստ կարող է տեղի ունենալ Բաքվում։
Պետք է սովորենք թշնամիների հետ «համակեցությանը»․ սա միջազգային հարաբերությունների կարևոր կանոններից մեկն է։
Մյուս կողմից, բազմակողմ հարթակներից բացի՝ Հայաստանն ու Ադրբեջանն, իհարկե, երկկողմ երկխոսության անհրաժեշտություն ունեն ու բնավ չի բացառվում, որ ապագայում փոխայցեր տեղի ունենան նաև այդ ֆորմատով։
Վահրամ Բագրատյան


























Comments