top of page

Պոլիէթիլենային չթույլատրված տոպրակների օգտագործման համար տնտեսվարողներն այսօրվանից տուգանվում են

  • Jan 20, 2022
  • 1 min read


Հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օգտագործումն արգելված է՝ բացառությամբ կշռափաթեթավորման համար նախատեսված և երկրորդային հումքից պատրաստված տոպրակների:


Տնտեսվարողներին շուրջ 2 տարի ժամանակ էր տրվել հրաժարվել պոլիէթիլենային տոպրակներից և նոր՝ բնապահպանական տեսանկյունից անվտանգ լուծումներ գտնել:


Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցներն այսօրվանից ստուգայցեր են իրականացնում, օրինազանցներին՝ տուգանում: Հսկողությունը լինելու է ամենօրյա:


««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում կատարված փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո մեր աշխատակիցները վերահսկողության իրականացման նպատակով պարբերաբար այցելել են առևտրի կետեր, բացատրական աշխատանքներ տարել տնտեսվարողների հետ՝ օրենքի պահանջը կատարելու և թույլատրելի տոպրակների օգտագործմանն անցնելու համար: Այսօրվանից արդեն սկսել ենք ստուգայցերը, միկրոմետրով կատարվում են չափումներ: Եթե տոպրակի հաստությունը 50 միկրոնից ցածր է, ապա տնտեսվարողները «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքով» ենթարկվում են պատասխանատվության: Տուգանքի չափը 20.000-30.000 դրամ է: Օրվա ընթացքում կազմվել է ավելի քան 60 արձանագրություն: 50 միկրոն և ավելի հաստությամբ տոպրակները, որոնք հնարավոր է օգտագործել բազմակի, առայժմ թույատրելի են, բայց, իհարկե, տնտեսվարողները, ժամանակի ընթացքում պետք է անցնեն այլընտրանքային լուծումների»,- ընդգծում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը:


Օրենսդրական փոփոխությունների գլխավոր նպատակը բնապահպանական խնդիրների լուծումն է: Շրջակա միջավայր արտանետված պոլիէթիլենային փաթեթները բնության մեջ քայքայվում են ավելի քան 400 տարվա ընթացքում: Մասնագետներն այս կերպ մտադիր են էապես նվազեցնել պոլիէթիլենի օգտագործումը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page