Փոստանջյանի ամուսնու մեքենայի պայթեցնելու գործով պատշաճ գործողություններ չեն անցկացվում
- Aug 7, 2021
- 1 min read

Օգոստոսի 5-ի վաղ առավոտյան ժամը 03.30-ի սահմաններում պայթեցվել և հրդեհվել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, փաստաբան Զարուհի Փոստանջյանի ամուսնու ավտոմեքենան: Այս մասին հայտարարություն է տարածել «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, որում ասվում է.
«Այսօր` օգոստոսի 7-ին, արդեն երրորդ օրն է, որ իրավապահ մարմինները, ըստ էության, պատշաճ գործողություններ չեն անցկացնում (մասնավորապես` մինչ օրս չի անցկացվել համալիր փորձաքննություն)` բացահայտելու սույն հանցագործության կատարողներին և կազմակերպիչներին:
Մինչդեռ պայթյունը և հրդեհը իրագործվել են մայրաքաղաք Երևանի սրտում` Արաբկիր վարչական շրջանում, բնակելի շենքից մի քանի մետր հեռավորությամբ, գազատարի և կողքին կայանված մեքենաների անմիջական հարևանությամբ: Սույն փաստերի հաշվառմամբ` տեղի ունեցածը կարելի է դիտարկել որպես ահաբեկչական գործողություն, որի հետևանքով միայն երջանիկ պատահականությամբ զոհեր ու վիրավորներ չկան, և չեն պայթել բնակելի շենքերը սնուցող գազատարները, ինչը կհանգեցներ աղետալի հետևանքների:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը խստորեն դատապարտում է տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը և իրավապահ մարմիններից պահանջում է օր առաջ բացահայտել հանցագործության կատարողներին, կազմակերպիչներին և շարժառիթները, տալ իրավական գնահատական»:
Comments