top of page

Աննկարագրելի զգացողություններ ունեմ դեկտեմբերի 20-ի հետ կապված. փրկված զինվորի մայրը՝ փրկարարներին

Oct 30, 2021
2 min read


Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը ներկայացրել է փրկված զինվորի մոր՝ Սոնա Ադամյանի շնորհավորական խոսքը Փրկարարին.


«Հարգարժան փրկարար, կոչմանդ իրական կրող:

Թույլ տուր խորին երախտագիտությամբ քեզ ասել՝ Շնորհակալ ենք:


Երբ մի պահ տեղափոխվում ենք անցյալ տարվա նույն օրերը, թվում է անվերջանալի տառապանքին ու ցավին վերջ չի լինելու: 2020 թվականի 44-օրյա պատերազմի բոթը թակեց նաև մեր դուռը: Ընդամենը 2 ամսվա ժամկետային զինծառայող մեր որդուց՝ Արթուր Հարությունյանից, վերջին լուրը ստացել էինք հոկտեմբերի 16-ին՝ ամսի 10-ից արդեն թշնամու թիկունքում հայտնվելու, շրջափակման մեջ լինելու ընթացքում:


Դժոխք դարձած օրերը ամեն անգամ մեզ հեռացնում էին նրան գտնելու հույսից, բայց չէին կտրում:


«Ում միջոցով Աստված կփրկեր ու տուն կբերեր մեր Արթուրին, երբ կբերեր, մտքով սպասում էինք: Ամեն լուսաբացին հույս էր ավելանում, քանի որ որոնողական աշխատանքներն էին սկսում իսկ ահա մայրամուտին այդ հույսը կարծես մարում էր... ու այդպես մինչև դեկտեմբերի 17-ը: Այդ օրն էր, երբ 70 օրից հետո առաջին լուրը ստացանք:

Մշտապես անձամբ մասնակցելով որոնողական աշխատանքների նախապատրաստման և իրականացման հոգեբանական ծանր գործընթացներին, հաճախ ինքս ընդգրկվելով խմբերում, ականատեսն էի փրկարարների տքնաջան և անասելի անգամ գերմարդկային ուժին՝ անմնացորդ նվիրվածոթյանը:


Աննկարագրելի զգացողություններ ունեմ դեկտեմբերի 20-ի հետ կապված, երբ արդեն կազմ ու նախապատրաստված որոնողական խմբերը դուրս էին եկել առաջին անգամ հաստատ կյանքեր փրկելու, նրանց մեջ էր նաև որդիս:


Մեր հանդիպանը դժվար էր ողջ օրը սպասել, առավել ևս, որ վտանգներով դեռ լեցուն էր վերջնական տուն դարձի ճանապարհը: Սրտի թրթիռով րոպեներն էինք հաշվում, սպասում օպերացիայի իրականացմանը, որի կազմակերպման գործում հսկայական էր փրկարարական խմբի, ի դեմս գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի ավանդը:


Մարդկային ու մասնագիտական բացառիկ ունակություններով օժտված, անհամեմատելի նրբազգացողությամբ, նվիրվածությամբ, հոգատարությամբ նա ողջ որոնողական ժամանակահատվածում շփվում էր անհայտ կորած համարվող զինծառայողների ծնողներիս ու հարազատների հետ, գերհոգնած, գերհուզված: Այո, նրա կերպարում հենց ծնողներս հայրենասիրության, սրտացավության, օգնության ձեռք մեկնելու անսպառ պատրաստակամություն և հույս էինք տեսնում:


Հարգարժան Կարեն Գրիգորիի, թույլ տվեք հրաշքով փրկված 6 տղաների ու ծնողներիս անունից խորին երախտագիտությամբ պարզապես ասել՝ Շնորհակալ ենք: Շնորհակալ ենք Ձեր բացառիկ նվիրումի և հոգատարության համար: Ի դեմս Ձեզ, շնորհավոր իսկական փրկարարի տոնը՝ բոլորիդ տոնը»:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page