Քասախի երկու բնակիչները Գորիսի ռազմական ոստիկանությունում են

MediaHub-ի նկարահանող խումբն այսօր Քասախում զրուցել է գյուղացիների հետ՝ նախօրեին Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածից անհետացած համագյուղացիների վերադառնալու հետ մանրամասներ պարզելու նպատակով։ MediaHub-ի հետ զրույցում Քասախի գյուղապետ Արա Մկրտչյանը նշել է, որ Գորիս-Կապան ճանապարհից անհետացած ու Ադրբեջանցիների հսկողության տակ հայտնված բնակիչներն այս պահին Գորիսի ռազմական ոստիկանությունում են։ Հարազատները հստակ տեղեկություններ չունեն, միայն նշել են, որ տղաները՝ 20-ամյա Արամ Սարգսյանը և 36-ամյա Հակոբ Հակոբյանը, գյուղի բնակիչներ են՝ ազգակիցներ, որոնք գնացել էին Գորիս՝ Արամի ընկերոջ միջոցառմանը մասնակցելու։ Որոտանի ճանապարհից զանգել են տուն ու ասել, որ ադրբեջանցիներն իրենց փաստաթղթերն են ստուգում։ Դրանից հետո կապն ընդահտվել է, իսկ ընտանիքի անդամները դիմել են ոստիկանություն։ Անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, թե 4 հոգի է գերեվարվել, ոչ թե երկուսը, ընտանիքներում տեղեկություն չունեն։ Ասացին միայն՝ գիտեն, որ երկու հոգով են գնացել։ Ավելի վաղ հայտնել ենք, որ սեպտեմբերի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղեկություններ են ստացվել առ այն, որ նույն օրը ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Երեկ երեկոյան ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների իրականացրած աշխատանքների արդյունքում ժամը 23:45-ին ադրբեջանական կողմը վերադարձրել է վերոհիշյալ անձանց։























Comments