Քաղաքացիական պայմանագիր՝ Ադրբեջանի հետ. «Այլընտրանքային նախագծեր խումբ»
- Feb 16, 2022
- 1 min read

«Սիլվայի գործում» երեկ ընթերցվեց մեղադրականը. չկար նախկին էնտուզիազմը, բացարձակ չկար։ Եվ նույնիսկ Շուշին ադրբեջանական համարող սոցիալական խավը չցուցաբերեց խանդավառություն. իմ սրտի դատախազ, իմ սրտի վարչապետ, իմ սրտի դատավոր և այլ ձևակերպումները մնացին անցյալում՝ պետության փլատակների տակ։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Արմինե Բաղդասարյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մնաց Սիլվան, որը միֆական մի կերպար է, որին դեմքով գրեթե չենք ճանաչում, մնաց դատախազությունը, որն իներցիայով շարունակում է մեղադրականներ կարդալ և մնաց դատավորը, որը «սիրուն հոգի սիրուն մարմնում» դինամիկայի մեջ, հուսանք, մի օր կընդունի, որ այս գործը ծաղր է արդարադատության համար։
Բայց մի բան, այնուհանդերձ, երեկվանից հիշվեց՝ 7-12 տարի. մեղադրանքի այդ հոդվածները հաստատվելու դեպքում նախատեսում են այդքան տարվա ազատազրկում։
Ողբերգությունը քր.օրի հոդվածների մեջ չէ, այլ այն, որ սրանց կառավարման արդյունքում մեր պետության 7-12 տարվա հեռանկարն է կասկածի տակ։
ՔՊ-ն հաջորդ ընտրություններին կարող է գնալ «Ապագա կա՝ Ադրբեջանի կազմում» կարգախոսով, իսկ մենք լռվել ենք 2018-ի հիստերիայի մեջ ու էլի դատախազները նիկոլահպատակ հայացքներով կարդում են մեղադրականներ։
Դատը դեռ մի կողմ. մարդկությունը համակենտրոնացման ճամբարներ և առանց դատ գնդակահարություններ շատ է տեսել /հարցրեք ԵՄ դեսպանին լավ կպատմի/, բայց այս իշխանությունը պետության հեռանկարն իրոք դրել է խոր կասկածի տակ։ Ու պատահական չէ, որ Երևանում դատում են Արցախի նախկին նախագահին, որը ստիպեց Ադրբեջանին՝ հարգել հայկական գործոնը և գնալ խաղաղության, և նույն օրը Ադրբեջանը որոշում է կալանավորել, առևանգել Արցախի գործող նախագահին։
Այս փուլի ավարտը լինելու է այն, որ Ալիևը ստիպելու է իր ու Մեհրիբանի նկարը կախել Հայաստանի նախագահի ու մյուս պաշտոնյաների աշխատասենյակներում։ Ու չկասկածեք, որ կախողների պակաս չի լինելու։ Սիրահոժար կախողների։ Պարտության նկարը եթե հպարտությամբ կախում են, ինչո՞ւ չկախել նրա գաղափարակիցներինը։


























Comments