Քաղաքացին պետք է բավարարված և գոհ հեռանա․ Կարեն Անդրեասյանը ներկայացրել է ՔԿԱԳ պետին

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) գործակալության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ պետ Արտաշես Խալաթյանին։
«Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում ծառայություն ստացող քաղաքացին չպետք է հանդիպի խոչընդոտների, բյուրոկրատական քաշքշուքների, բավարարված և գոհ պետք է հեռանա Գործակալությունից՝ առանց ավել րոպե կամ դրամ ծախսելու»,-ասել է նախարարը։
Շնորհավորելով Գործակալության պետին նշանակման կապակցությամբ , ընդգծել է, որ Արտաշես Խալաթյանն իր իրավաբանական հարուստ փորձառությունն ու արհեստավարժությունը կներդնի ոլորտում մեկնարկած բարեփոխումներին նոր թափ հաղորդելու և օրենսդրական լուծումներով կոռուպցիոն հնարավոր դրսևորումները բացառելու ուղղությամբ։
Անդրադառնալով ոլորտում հատկապես վերջին մեկ տարում իրականացված բարեփոխումներին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել Գործակալության նախկին պետ Անի Մխիթարյանին և, դիմելով, աշխատակիցներին, ընդգծել, որ համատեղ ուժերով քաղաքացիների համար կստեղծեն հանրային ծառայութունները ավելի բարձր որակով մատուցող Միասնական գրասենյակներ։
Արտաշես Խալաթյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ իր համար պատիվ է Նախարարության աշխատակազմին միանալ այս փուլում՝ մեկնարկած բարեփոխումներին նոր որակ հաղորդելու հստակ առաքելությամբ։























Comments