Իրականությանը չհամապատասխանող պարզունակություն է. Քոչարյանը՝ Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին

«Ես ցանկություն չունեմ մեկնաբանել առաջին նախագահի հայտարարությունները: Ես 10 տարի եղել եմ ՀՀ նախագահ, և չի եղել որևէ առաջարկ համանախագահների կողմից, որն ընդունել է Ադրբեջանը, իսկ Հայաստանը մերժել է»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանալին ՌԴ-ի ձեռքում է:
Նրա խոսքով՝ բոլոր այդ 10 տարիների ընթացքում Հայաստանն ասել է՝ առաջարկությունների հետ կապված ունի առարկություններ, բայց պատրաստ է այդ առաջարկները քննարկել:
«Իսկ Ադրբեջանն այդ առաջարկությունները միշտ մերժել է: Սա է պատասխանը՝ ուղղված առաջին նախագահի մեղադրանքներին»,- ասաց նա:
Հարցին, թե որտեղ է Արցախյան հարցի կարգավորման բանալին, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց՝ ասելով, որ դա այն հարցը չէ, որի բանալին կարող է լինել մեկը:
«Դա շատ պարզունակ մեկնաբանություն է, չի լինում այդպես: Կան կոնֆլիկտի կողմեր, կան կոնֆլիկտին ներգրավված կողմեր, կա եռանախագահություն և կա Ռուսաստան: Ակնհայտ է, որ Ռուսաստանն առանցքային երկրներից է, և առանցքային դեռ ունի այս գործընթացներում: Բայց մտածել, որ բանալին մի տեղում է դրված, չափից դուրս, իրականությանը չհամապատասխանող պարզունակություն է»,- ասաց Քոչարյանը։























Comments