Արթուր Վանեցյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. Լուսինե Սահակյան

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն օրեր առաջ հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ բացատրություն տալու՝ Շուշիի դիրքերը ենթադրաբար լքելու վերաբերյալ։ Փաստաբան Լուսինե Սահակյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ նյութեր են նախապատրաստվում։
«Տվել է բացատրություն, հերքել է, որովհետև բնականաբար դասալքություն չի եղել և օրինական ընթացքի պարագայում քրեական գործի հարուցումը պետք է մերժվի»,- նշեց Սահակյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան իր հրաժարականը պահանջող քաղաքացիների, ֆեյսբուքյան ուղիղ եթերում փորձել էր մեղավորներ գտնել ու հայտարարել, թե «Հայրենիք» զորախումբը դիրքը թողել, փախել է ու դասալքության համար պետք է դատվի։
Փաշինյանի՝ նշված հայտարարություններից չորս ամիս անց՝ փետրվարին, «Փաստինֆո»-ն գրավոր հարցումներ էր ուղարկել ՀՀ ԶՈՒ ԳՇ, ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՔԾ և ԱՀ ՊԲ՝ պարզելու, թե արդյոք իսկապես հայտնաբերվել են դասալքության դեպքեր և արդյոք կա քրեական վարույթ՝ կապված նշված հայտարարությունների հետ։ ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն ընդհանրապես հերքել էր զորախմբի կողմից ենթադրյալ դասալքության վերաբերյալ հայտարարությունները՝ նշելով, որ «ստորաբաժանման կողմից ծառայությունից խուսափելու վերաբերյալ ԶՈՒ գլխավոր շտաբը տեղեկատվություն չունի»։ Այսինքն՝ այն մարմինը, որը պատասխանատու է զինված ուժերի համար, ասում է, որ կոնկրետ այդ զորախմբի կողմից դասալքության դեպքեր իրենք չեն արձանագրել։
Իսկ ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ «Հայրենիք» զորախմբի անդամների կողմից դասալքության վերաբերյալ հանգամանքները քննության առարկա են հանդիսանում ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործերից մեկով, սակայն նշված մեղադրանքով (դասալքության—հեղ.) վարույթին ներգրավված անձինք դեռևս չկան, քանի որ այդ կապակցությամբ նախաքննության ներկա փուլում բավարար ապացույցների համակցություն ձեռք չի բերվել»։
Պաշտոնական մարմինների այս հայտարարություններից հետո կրկին վարույթ է սկսվել, ընդ որում՝ այս անգամ արդեն այլ նախաքննական մարմնում՝ Քննչական կոմիտեում։ Ասել է թե՝ դատախազությանն ու քաղաքական իշխանությանը չեն գոհացրել ՀՔԾ-ում կատարված քննության ադյունքները ու հիմա էլ փորձում են ՔԿ-ի միջոցով ինչ-որ բան գտնել Ա.Վանեցյանի դեմ։
Հարցին՝ ինչն է հիմք դարձել նյութերի նախապատրաստման համար՝ հաշվի առնելով, որ ենթադրյալ դասալքության վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը եղել է 6 ամիս առաջ, իսկ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հայտարարել է, որ նման դեպք չի եղել՝ Սահակյանը պատասխանեց՝ նշելով, որ իրենց այլևս ոչինչ չի զարմացնում։
«Ակնհայտ է, որ պարոն Վանեցյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում՝ իր քաղաքական ընդդիմադիր գործունեության հետ կապված։ Այս ընթացքում սա միակը չէ, գիտեք, որ բազմաթիվ նյութեր են եղել, բազմաթիվ քրեական գործեր են եղել, որոնք ընդհանրապես հիմք չեն ունեցել, բայց հարուցվել են, դեռևս կան շարունակվող քրեական գործեր, կան մեղադրանքներ, սա հերթական քաղաքական հետապնդման փորձն է։ Տեսնում ենք վերջին երեք տարվա ընթացքում ինչ է կատարվում, որ ընդհանրապես իրավունքը, օրենքը չի գործում, մեզ այլևս չի զարմացնում, որ մի մարմին կարող է քննել, համապատասխան վերաբերմունք ցույց տալ, հետո մեկ այլ մարմին նորից քննի»,- նշեց պաշտպանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Նյութի աղբյուրը` Փաստինֆո























Comments