ՌԴ-Իրան դաշինք՝ ընդդեմ թուրքական աճող ազդեցության

Իրանն ու ՌԴ-ն պատրաստվում են պայմանագիր ստորագրել, որը ենթադրում է ռազմական գործակցություն, զենքերի գնում և ահաբեկչության դեմ պայքար: Այդ մասին Մոսկվայում հայտարարել է Իրանի ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին:
Ռուս-իրանական հարաբերությունների խորացումը տեղի է ունենում տարածաշրջանում նոր վերադասավորումների ֆոնին․ Թուրքիան 44-օրյա պատերազմից հետո ամրապնդել է իր դիրքերն Ադրբեջանում՝ իրանական սահմանների երկայնքով, իսկ Թեհրանը ցանկանում է հենվել Կովկասում մեծ ազդեցություն ունեցող երկրի՝ ՌԴ-ի ռազմաքաղաքական աջակցության վրա: Մեծ Թուրանի ծրագիրն ազգային անվտանգության և տարածքային ամբողջականության սպառնալիք է ինչպես Իրանի, այնպես էլ ՌԴ-ի համար:
Արևմուտքի, Իսրայելի հետ սրված հարաբերություններ ունեցող Իրանի համար կարևոր է ստանալ ռուսական արդի զինատեսակներ՝ սեփական անվտանգության մակարդակը բարձրացնելու համար: Իսրայելը նախապատրաստական աշխատանքներ է տանում՝ Իրանին հարվածելու, այսինքն՝ իրանական միջուկային ծրագիրը խաթարելու համար: Արևմուտքը չի զինելու Իրանին, և Թեհրանն իր հայացքն ուղղում է հյուսիս՝ դեպի ՌԴ: Նշենք, որ Իրանն ու ՌԴ-ն համագործակցում են Սիրիայում՝ Բաշար Ասադի իշխանությունը պահպանելով, թույլ չտալով Թուրքիային Սիրիայի տարածքի հաշվին կառուցել նոր Օսմանյան կայսրություն:
Հիշեցնենք, որ ՌԴ-ն խորացնում է ռազմատեխնիկական գործակցությունը Թուրքիայի հետ՝ տարբեր զինատեսակներ մատակարարելով Անկարային, և տարածաշրջանային բալանսը պահպանելու տեսանկյունից Մոսկվային հետաքրքիր է նաև իրանական շուկան:
Ինչ վերաբերում է առևտրային կապերին, ապա 2021թ.-ին երկկողմ ապրանքաշրջանառությունն աճել է 39.9 տոկոսով՝ կազմելով 1.6 միլիարդ դոլար:
Հայաստանը կարող է դառնալ կապող օղակ՝ ռուս-իրանական հարաբերությունների խորացման տեսանկյունից: Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ է, և հայ-իրանական սահմանը նաև Իրան-ԵԱՏՄ սահման է, իսկ Իրանը հետաքրքրված է ԵԱՏՄ-ի հետ կապերի խորացմամբ: Դրան զուգահեռ, Իրանն ու ՌԴ-ն Հայաստանի տարածքով կարող են կյանքի կոչել Հյուսիս-հարավ՝ էներգետիկ-տրանսպորտային միջանցքը:
Այսպիսով, ռուս-իրանական գեոպոլիտիկ շահերից է բխում զսպել թուրքական աճող նկրտումները տարածաշրջանում: Արևմուտք-ՌԴ և Արևմուտք-Իրան հարաբերությունների սրացումը լրացուցիչ խթան է ռուս-իրանական կապերի խորացման համար՝ համատեղ ուժերով Արևմուտքին դիմագրավելու տեսանկյունից:























Comments