ՌԴ-ն լուրջ տնտեսական շահ ունի ՀՀ-ում, իսկ Ֆրանսիան ուզում է քաղաքական կշիռ ունենալ․ քաղաքագետ

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են նաև Արցախի հարցի կարգավորումը։ Մասնավորապես, Էմանուել Մակրոնի խնդրանքով Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ԼՂ-ի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքի մասին: Նշվել է, որ իրավիճակը տարածաշրջանում, ընդհանուր առմամբ, կայուն է, քայլեր են ձեռնարկվում Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերը վերականգնելու և բնակչության մարդասիրական կարիքները բավարարելու համար:
MediaHub.am-ի հետ զրույցում քաղաքագետ Նարեկ Գալստյանը, անդրադառնալով հարցին, թե ՌԴ ղեկավարը «տնտեսական և տրանսպորտային կապեր վերականգնել» ասելով՝ արդյոք նկատի ունե՞ր նաև Զանգեզուրի միջանցքը, նշեց․
«Դա դեռ ոչինչ չի ենթադրում։ Ռուսաստանը հենց սկզբից էլ հստակ շեշտադրում էր անում տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման վրա, քանի որ դա հենց Ռուսաստանի տնտեսական շահերից է բխում․ շրջանցելով Վրաստանը, նա կկարողանա դուրս գալ Թուրքիա»։ Նրա խոսքով՝ տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման հարցում Հայաստանի և Ռուսաստանի շահերը որոշակիորեն համնկնում են։
«Համընկնում են այն մասով, որ խոսք է գնում ընդհանրապես ապաշրջափակման մասին, իսկ չեն համնկնում այն հարցով, որ Ռուսաստանի համար միևնույնն է իրականում, թե որտեղով և ինչ ուղիներ կապաշրջափակվեն, քանի որ Ռուսաստանի համար դա շահեկան է, և վերահսկողությունը իրականացնելու է Ռուսաստանը»,- ասաց Նարեկ Գալստյանը։
Նա նշեց, որ Մակրոնի հետ նման զրույցները պարբերական են։
«Իհարկե, Ռուսաստանի և Ֆրանսիայի շահերը որոշ հարցերում տարբերվում են այն առումով, որ կարծես, թե ԵԱՀԿ Մինսկի խումբն այդ հարցերում առայժմ շատ դանդաղ է գործում, մինչդեռ Ռուսաստանը բավականին ակտիվացել է՝ ստանալով որոշակի պարտավորություններ և՛ կողմերի մեջ կոնտակտ ապահովելու, և՛ խաղաղապահ առաքելություն իրականացնելու համար, նաև աստիճանաբար սկսելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի անբողջ երկայքով խաղաղապահ զորքեր տեղակայել։ Սրանք լուրջ լծակներ են Ռուսաստանի ձեռքին, և բնական է, որ Ֆրանսիան մտահոգ է՝ այս հարցում ինքը չկա, և չկա նաև Միացիալ Նահանգները»,- ասաց Նարեկ Գալստյանը։ Քաղաքագետը համաձայն չէ ՌԴ նախագահի հնչեցրած տեսակետի հետ, թե տարածաշրջանում դրությունը կայուն է։ Ըստ նրա՝ իրավիճակն այս պահին բավական լարված է։























Comments