top of page

Խլղաթյանին կալանավորելու որոշման դեմ բողոքի քննությունը հետաձգվել է նրա վատառողջ լինելու պատճառով

Jun 25, 2021
1 min read


Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, այսօր հետաձգվել է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու, Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշման դեմ բողոքի քննությունը՝ Խլղաթյանի առողջական խնդիրների պատճառով։ Այդ մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել է փաստաբան Գայանե Պապոյանից։

Ռուբեն Խլղաթյանը ձերբակալվել է հունիսի 10-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք բաժանելու փորձի կասկածանքով։ Նրան ձերբակալելու որոշման դեմ բողոք է ներկայացվել, որն ի սկզբանե մակագրվել էր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանին, սակայն վերջինս ինքնաբացարկ է հայտնել՝ բավարարելով քննիչի միջնորդությունը, իսկ դատավոր Վահե Ջիվանյանը բարձրացրել է ընդդատության հարցը՝ բողոքը փոխանցելով Երևանի ընդհանուր իրավասության դատարանին, սակայն մինչ ձերբակալման իրավաչափության հարցը կքննարկվեր, վարույթ իրականացնող մարմինը շտապել է մեղադրանք առաջադրել Խլղաթյանին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը բավարարվել է:

Պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել դատարանի որոշման դեմ՝ վիճարկելով թե՛ հիմնավոր կասկածի, թե՛ կալանավորման հիմքերի առկայության մասով։

Բողոքի քննությունը պետք է կայանար այսօր՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, սակայն դատական նիստը հետաձգվել է՝ Ռուբեն Խլղաթյանի առողջական խնդիրների պատճառով։ Փաստաբանը հայտնեց, որ դատական նիստը նշանակվել է հուլիսի 1-ին։

Ռուբեն Խլղաթյանի առողջական խնդիրների մասին հայտնի է դարձել դեռևս նրա ձերբակալման օրերին, երբ պաշտպանության կողմը հայտնել էր, որ Խլղաթյանն ունի խրոնիկ հիվանդություններ։ Այս պահին նա գտնվում է «Արմավիր» ՔԿՀ-ում։

Վարույթ իրականացնող մարմինը հունիսի 12-ին մեղադրանք է առաջադրել Ռուբեն Խլղաթյանին և Գ. Պ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-154,2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից ենթադրյալ ընտրակաշառք տալու փորձի հատկանիշներով, որն իրականացվել է երկու կամ ավելի անձի նկատմամբ: Ռ. Խլղաթյանը մեղադրանքը չի ընդունել՝ նշելով, որ այն շինծու է։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page