Փաշինյանի ո՛չ ընտրած ժամանակը, ո՛չ դիվանագիտական հմտություններն այս պահին ադեկվատ չեն. թուրքագետ

«Թուրքիայից դրական ազդակների մասին մասնագետներն իրենց կարծիքն արտահայտեցին․ դրանք այնքան էլ դրական չեն՝ նույն թուրքական նախապայմանների կրկնությունն են»,- այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։ Անդրադառնալով Էրդողանի հայտարարությանը, նա նշեց, որ մի քանի խնդրահարույց կետեր կան։
«Առաջինն Էրդողանի ընդգծված արհամարհական վերաբերմունքն է Հայաստանի և նրա վարչապետի նկատմամբ։ Բավական է ասել, որ Էրդողանն իր ելույթում նույնիսկ Փաշինյանի անունը չտվեց և չնշեց Հայաստանի վարչապետ եզրույթը։ Պետք է դրան ուշադրություն դարձնել, որովհետև արևելյան դիվանագիտական արարողակարգում նման պատահականություններ չեն լինում՝ խոսել մի երկրի և նրա վարչապետի մասին ու չտալ անուն, չնշել պաշտոն։
Երկրորդը, որ Էրդողանը կրկին նշեց նախապայմանների մասին, այս անգամ ավելացնելով նորը՝ Զանգեզուրի միջանցքը, հստակ ֆիքսելով, որ այս միջանցքը ոչ թե տնտեսական բաղադրիչ ունի, այլ ընդգծված քաղաքական խնդիր է։
Երրորդը՝ Թուրքիան այս պահին էլ շարունակում է իր նույն պահվածքը՝ նախապայմաններ, Հայաստանի հանդեպ թշնամանք․ սա այն նույն երկիրն է, որը 44-օրյա պատերազմի մասնակից է»,- ասաց նա։ Մելքոնյանի խոսքով՝ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը Փաշինյանի՝ Թուրքիայի ղեկավարին հանդիպման առաջարկ անելու վերաբերյալ պարզաբանմամբ ոչ հերքեց, ոչ հաստատեց լուրը։
«Շարունակեցին հարցականները մնալ՝ ի վերջո, Փաշինյանը դիմե՞լ է Էրդողանին, թե՞ ոչ։ Այս պայմաններում, երբ Հայաստանը գերթուլացած վիճակում է, երբ մեր դիմադրողականությունը զրոյական է, երբ բոլոր ռեսուրսները՝ դիվանագիտական, քաղաքական և այլն, սպառված են կամ գտնվում են զրոյական մակարդակի վրա, դիմել Թուրքիային՝ սկսելու պրոցես և ակնկալել, որ այդ պրոցեսում կարող է հայանպաստ արդյունքներ լինեն, ուղղակի անմտություն է։ Ես կանխատեսում եմ, որ ոչ միայն չի հրաժարվելու Թուրքիան իր նախապայմաններից, այլ նոր պայմաններ է առաջ քաշելու»,- նշեց Մելքոնյանը։ Թուրքագետն ընդգծեց, որ նորմալ հարաբերություններին Հայաստանը դեմ չէ, բայց մենք չենք ընդունում թուրքական նախապայմանների հիման վրա այդ հարաբերությունների հաստատման հեռանկարը։
«Փաշինյանի ո՛չ ընտրած ժամանակը, ո՛չ իր դիվանագիտական հմտություններն այս պահին ադեկվատ չեն ստեղծված իրավիճակին, և այս ոճով Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը որևէ լավ բան Հայաստանի համար չի խոստանում»,- ասաց նա։
Արմինե Նավոյան























Comments