top of page

ՌԴ ՊՆ-ն և ԱԳՆ-ն արձագանքել են Արցախում ադրբեջանցիների կողմից հուշարձանի ոչնչացմանը

Sep 25, 2021
1 min read

ՌԴ ՊՆ-ն և ԱԳՆ-ն արձագանքել են Ադրբեջանի կողմից Արցախի Մեծ Թաղեր գյուղում գտնվող ԽՍՀՄ ավիացիայի հայազգի մարշալ Սերգեյ Խուդյակովի (Արմենակ Խամփերյանց) հուշարձանի ոչնչացման փաստին, հայտնում է 1lurer.am-ը։


Հուշարձանի ոչնչացման վերաբերյալ «Ինֆոտեկա 24»-ի և Հայ-ռուսական կազմակերպությունների համակարգող խորհրդի հարցմանն ի պատասխան Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից նշել են, որ կիսում են քաղաքացիների մտահոգությունը՝ հաջորդ սերունդների համար ԼՂՀ տարածքում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության հարցի շուրջ:


«Այս հարցը գտնվում է ՌԴ բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում, որը հատուկ նշանակություն է տալիս Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9-ի համատեղ եռակողմ հայտարարության դրույթների կատարմանը:


Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը և Մարդասիրական արձագանքման կենտրոնն անմիջականորեն ներգրավված են խնդրի լուծմանը՝ գործելով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության իրավասու մարմինների, ինչպես նաև միջազգային լիազոր կազմակերպությունների հետ սերտ համակարգմամբ», - նշված է պատասխանում:


Նույն խնդրի շուրջ Հայ-ռուսական կազմակերպությունների համակարգող խորհրդի հարցմանը պատասխանել է նաև Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարությունը՝ նշելով, որ Ռուսաստանը հատուկ ուշադրություն է դարձնում տարածաշրջանում պատմամշակութային, ճարտարապետական և կրոնական ժառանգության պահպանման հարցին։ Մոսկվան ելնում է նրանից, որ այն հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների բոլոր բնակիչների սեփականությունը՝ անկախ նրանց ազգային պատկանելությունից։


ՌԴ ԱԳՆ-ն նաև հավաստիացրել է, որ արձանագրում է խորհրդային պետական գործիչների հուշարձանների ավերման բոլոր դեպքերը, այդ թվում՝ Խուդյակովի հուշարձանի և հույս է հայտնում, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը առաջիկայում կկարողանա այցելել տարածաշրջան:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page