ՊԵԿ նախագահը խորհրդակցություն է անցկացրել․ քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նախագծեր
- Aug 17, 2021
- 1 min read

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուuտամ Բադասյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատակիցների հետ: Կոմիտեի ղեկավարը ընդգծել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն առանձնահատուկ կարևորություն ունի:
Ռուստամ Բադասյանը գոհունակությամբ նշել է, որ այս գործում ստորաբաժանումը դրսևորել է պատշաճ նախաձեռնողականություն: Աշխատանքային խորհրդակցությանը կոմիտեի ղեկավարին ներկայացվել են իրականացված աշխատանքները և ընթացիկ նախագծերը, այդ թվում՝ ՊԵԿ զարգացման և վարչարարության ռազմավարական ծրագրով հաստատված միջոցառումների կատարման ընթացքը։
Անդրադարձ է կատարվել մեծ ծավալի տվյալների(Big Data) վերլուծության հիման վրա գործող անալիտիկ հաշվետվությունների համակարգին, ինչպես նաև արհեստական բանականության և մեքենայական ուսուցման մոտեցումների կիրառմամբ «խելացի» ռիսկերի կառավարման մեխանիզմներին:
ՊԵԿ նախագահին ներկայացվել են նաև էլեկտրոնային համակարգերի զարգացմանն ուղղված քայլերը՝ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի, էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի, համակարգերի վեբ և մոբայլ տարբերակների, ոչ ռեզիդենտ ԱԱՀ վճարողների հարթակի և այլ ենթակառուցվածքների ներդրման և բարելավման ուղղությամբ։
Կոմիտեի ղեկավարը հանձնարարել է հարկ վճարողների հետ շփումները կազմակերպել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ անձնական գրասենյակի միջոցով: Կոմիտեի ղեկավարին զեկուցվել է, որ մաքսային ծառայության մասով իրականացվում են 25-ից ավելի նախագծեր՝ ռիսկերի կառավարման համակարգի, ազգային մեկ պատուհանի, էլեկտրոնային հայտարարագրերի կատարելագործման և այլ ուղղություններով:
Անդրադարձ է կատարվել նաև մաքսային մարմիններին վճարման ենթակա վճարներն էլեկտրոնային եղանակով վճարելու հարթակին: Խորհրդակցությանն ընդգծվել է ՊԵԿ ցանցային և սերվերային սարքավորումների արդիականացման կարևորությունը։ Այդ համատեքստում քննարկվել են նաև հարկ վճարողներին մատուցվող էլեկտրոնային ծառայությունների համակարգի վերջին շրջանում խափանումների պատճառները:

Comments