Իմ և Վրաստանի ազատությունը լիովին կախված է առաջիկա օրերին ձեր ակտիվությունից. Սաակաշվիլի կոչը բանտից

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ռուսթավիի N: 12 բանտից նամակ է գրել, որում կոչ է արել իր կողմնակիցներին ոչ մի բանից չվախենալ և գնալ մինչև վերջ: «Իմ սիրելի' աջակիցներ և իմ պաշտելի' վրաց հասարակություն, երբ ես ամեն ինչ թողեցի Կիևում և եկա այստեղ, ես գիտեի, որ, ամենայն հավանականությամբ, ինձ կձերբակալեն ամբողջովին հորինված, կեղծ մեղադրանքների հիման վրա, բայց ես ամեն դեպքում եկա, որովհետև ես հավատում եմ իմ երկրին և ձեզնից յուրաքանչյուրին», - գրում է Սաակաշվիլին: Նախկին նախագահն իր զինակից ընկերներին հորդորել է գնալ քվեարկության և հավատալ, որ հաղթանակը նրանցից յուրաքանչյուրի ձեռքում է: «Ես իսկապես ուզում եմ ձեզ խնդրել, որ բոլորդ գնաք ընտրությունների, որպեսզի չկորցնեն ոչ մի ձայն, և որ դրանից հետո բոլորը միասին պաշտպանեն հանրաքվեի արդյունքները: Իմ և հազար անգամ ավելի կարևոր Վրաստանի ազատությունը լիովին կախված է առաջիկա օրերին ձեր ակտիվությունից և մարտունակությունից: Սրանից է կախված նաև միջազգային աջակցությունը: Խնդրում եմ` մի վախեցեք և մինչև վերջ հավատացեք, որ մեր հաղթանակը մեր ձեռքերում է», - ասել է նա:
Սաակաշվիլին ձերբակալվել է Թբիլիսիի թաղամասերից մեկում ուրբաթ երեկոյան: Նա անօրինական կերպով հատել է սահմանը և Վրաստան է ժամանել Ուկրաինայից` շաբաթ կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ: Նախկին նախագահը մեղադրվում է մի շարք քրեական գործերում, որոնցից երկուսով արդեն դատապարտվել է հեռակա կարգով, մնացած գործերը դատական վարույթում են:























Comments