Հակասական զգացողություններ՝ Սահմանադրության օրը. «Փաստ»
- Jul 6, 2021
- 1 min read

«Փաստ» թերթը գրում է.
«Երեկ ծանր օր էր: Օրենքով սահմանված տոնական օր էր, նույնիսկ ոչ աշխատանքային, իսկ զգացումները չափազանց հակասական էին: Նախ՝ որքան էլ զավեշտալի չհնչի, գործող իշխանության ներկայացուցիչները, իրար հերթ չտալով, գոնե մեկ օրով հիշում էին, որ Սահմանադրություն ունենք, շնորհավորում էին Սահմանադրության ընդունման օրը՝ պաթետիկ, ամպագոռգոռ արտահայտություններ անելով սահմանադրականության, պետության, պետականության մասին: Երբ այդ ամենի մասին խոսում են մյուսները, հասկանում ես, բայց երբ այդ ամենը հնչում է այս իշխանավորների, առավել ևս՝ Նիկոլ Փաշինյանի կողմից, մի տեսակ կոգնիտիվ դիսոնանս է առաջանում:
Ի վերջո, այս մարդիկ երեք տարի շարունակ Սահմանադրության, սահմանադրականության ու օրենքների հետ վարվել են, ինչպես ցանկացել են, դրանք մեկնաբանել են, ինչպես հարմար է եղել իրենց քիմքին՝ սկսյալ ՍԴ դատավորներ փոխելուց մինչև ընտրողական ու կարված քրեական գործեր: Ինչպես նախկինում, այսօր էլ նրանք պարտադրում են համայնքների ղեկավարներին հրաժարական ներկայացնել միայն այն պատճառով, որ նրանց բնակավայրերում Նիկոլ Փաշինյանը պարտվել է: Ի՞նչ Սահմանադրություն, ի՞նչ օրենքներ, կարևորը մեկ անձի կամքն է ու ցանկությունը: Հենց այս համատեքստում էլ տեղավորվում է նաև երեկվա գեներալական կոչման շնորհումների շքերթը»:
Comentarios