Երազանք, որ չընդհատվեց պատերազմով․ Արցախի սահմանը շեն պահողները
- Jun 19, 2021
- 2 min read
Updated: Oct 19, 2021

Արցախյան երրորդ պատերազմը շատերի կյանքը հիմնահատակ փոխեց: Նրանց թվում է Վաչե Վարդանյանը՝ երևանցի երիտասարդ, որը պատերազմից անմիջապես հետո տեղափոխվեց Արցախի սահմանապահ Սարուշեն գյուղ, փոքրիկ տարածք վերցրեց, վերանորոգեց ու վերածեց այն արտադրամասի, որտեղ աշխատող կանայք նաև զինվորների հագուստներն են լվանում, նորոգում։
Նա թողեց մայրաքաղաքի բարեկեցիկ կյանքը, որպեսզի սատար կանգնի արցախցուն հետպատերազմյան դժվար պահին:
Mediahub-ի հետ զրույցում Վաչեն պատմեց, թե ի՞նչը ստիպեց նրան դիմել այդ քայլին։
«Պատերազմի ամենաթեժ պահին հիմնեցինք ‹‹Արցախցի կանայք՝ Արցախի համար›› նախաձեռնությունը․ 30 արցախցի կին սկսեց էկո պայուսակներ արտադրել։ Մոտ 7000 պայուսակ վաճառվեց, արտահանեցինք 9 երկիր: Հետո, քանի որ այսպիսի հաջողություն գրանցեց նախաձեռնությունը, չուզեցի, որ դա ուղղակի ավարտվի պատերազմի հետ, քանի որ պատերազմի ընթացքում շատ նախաձեռնություններ չշարունակվեցին››,- ասաց Վաչեն:
Արցախում նա հյուրընկալվեց այն ընտանիքում, որին ինքն էր պատերազմի օրերին հյուրընկալել Երևանում: Վաչեի ու իր ընկերների սեփական նախաձեռնությամբ, ինչպես նաև Հայկրթական հիմնարկության անմիջական օժանդակությամբ, պատերազմի հետևանքով տեղահանված մոտ 700 արցախցի հյուրընկալվել էին Հայաստանի տարբեր մարզերում:
‹‹Քանի որ մեր միջոցներն անսպառ չէին, որոշեցինք իրականացնել մի ծրագիր, որը կայուն եկամուտ կբերի, և կկարողանանք հոգալ տեղահանված ընտանիքների ծախսերը››,- նշեց Վաչեն:

Դա միակ նախաձեռնությունը չէ, որով զբաղված է Վաչե Վարդանյանը: Նրա անմիջական ջանքերով Սարուշենում բացվել է նաև Հայ կրթական հիմնարկության կենտրոնը, որտեղ սահմանամերձ գյուղերի երեխաները բազմակողմանի անվճար կրթություն են ստանում:
Մյուս նախաձեռնությունը ‹‹Ամուր սահմանն›› է՝ ֆեյսբուքյան փակ խումբ, որտեղ Վաչեն ամեն ամիս նպատակներ է սահմանում՝ սահմանամերձ գոտու պահանջմունքներից ելնելով, և բարի ու սրտացավ մարդկանց փոքրիկ հանգանակությունների շնորհիվ լուծվում են մեծ խնդիրներ:
‹‹Այս խմբի նպատակներից է նախ՝ մարդկանց միշտ հիշեցնել, որ Արցախը կա՛, և սովորույթ դարձնել, որ ոչ միայն պատերազմի ընթացքում, այլ մի՛շտ պետք է լինել սահմանի ու բանակի կողքին››,- պատմեց Վաչեն:
Այդ կերպ նա փորձում է կոտրել կարծրատիպը, թե միայն պատերազմի ժամանակ պետք է միավորվենք հանուն հայրենիքի։ Իրականում ամեն օր մեզանից յուրաքանչյուրը, թեկուզ ամենաչնչին նվիրաբերությամբ, կարող է լինել սահմանի ու զինվորի կողքին:
Վաչեն պատմում է, որ երկու պատճառով է մնում Արցախում՝ երեխաների ու զինվորների․ շատ ամուր հոգեկան կապ կա իր ու նրանց միջև:
‹‹Այժմ ծրագրում ենք Արցախի սահմանապահ հինգ գյուղի տասը երիտասարդների մեդիագրագտության դասընթացի գործուղել Երևան, որպեսզի վերադառնան և իրենց համայնքներում եռօրյա դասընթացներ անցկացնեն››,- հավելեց Վաչեն:
Ծրագրի նպատակն է՝ հնարավորություն տալ երիտասարդներին համապատասխան հարթակներում առաջին ձեռքից տեղեկություններ փոխանցել իրենց խնդիրների, արցախյան հարցի մասին:
Այս պահին Վաչեն ընկերների հետ նախաձեռնում է հայրենասիրական ճամբար կազմակերպել Հայաստանում արցախցի մի քանի հարյուր երեխաների համար և պատրաստվում է բացել զարգացման կենտրոն Կարմիր Շուկայում:
Վաչեի շատ ընկերներ հենց Սարուշենում են անմահացել: Նա այնտեղ ապրելով ապացուցում է, որ չնայած բոլոր դժվարություններին, Արցախի հարաբերական խաղաղությանը, օրվա հրամայականով փոփոխվող ռիսկերի ու վտանգների, Արցախում պետք է ապրեն ու շենացնեն արյունով գծված սահմանները:

Հեղինակ՝ Անի Մարտիրոսյան


























Comments