Սամվել Բալասանյանի լիազորությունները դադարել են․Գյումրին քաղաքապետի նոր պաշտոնակատար ունի
- Oct 12, 2021
- 1 min read

Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, այսօր նշանակվել է Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
Նշենք, որ տևական ժամանակ Գյումրու՝ արդեն նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանն արտերկրում է և, ըստ էության, արձակուրդից չի էլ վերադարձել աշխատանքի:
Հոկտեմբերի 10-ին լրացել է Բալասանյանի պաշտոնավարման ժամկետը, և ՏԻՄ օրենքի շրջանակներում կայացվել է լիազորությունները դադարեցնելու որոշում:
Ալբերտ Մարգարյանին Գյումրու քաղաքապետի պաշտոնակատր նշանակելու առաջարկը Շիրակի մարզպետինն է:
Մարգարյանը Շիրակի մարզպետարանում զբաղեցրած պաշտոնից ազատման դիմում է գրել այսօր և Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար կլինի այնքան ժամանակ, քանի դեռ Գյումրին չունի նոր քաղաքապետ:
«Պետական համակարգում Ալբերտ Մարգարյանը կառավարման և երկարամյա աշխատանքի հաջող և հարուստ փորձ ունի, նրան երկար ներկայացնելու կարիք չկա: Շնորհակալություն Սամվել Բալասանյանին և արդյունավետ աշխատանք Ալբերտ Մարգարյանին»,- Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմին ասաց Շիրակի մարզպետի տեղակալ Հովհաննես Զոհրաբյանը:
Ալբերտ Մարգարյանն իր խոսքում ասաց՝ շնորհակալ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ցուցաբերած վստահության համար: Կարճատև է աշխատելու, սակայն ամեն ինչ անելու է, որ խնդիրներ չլինեն և՛ ընտրական գործընթացների ժամանակ, և՛ հետընտրական ժամանակահատվածում:
«Քաղաքապետարանի բնականոն աշխատանքը շարունակվելու է իր հունով: Պետք է այնպես անենք, որ ազգաբնակչությունն ընդհանրապես տարբերություն չզգա, թե ով է ղեկավարում այս պահին: Չեմ կարծում, որ պաշտոնավարումը հեշտ կլինի, բայց եթե դուք մեր մարզպետարանի վարչության գործունեությանը ծանոթ եք, ապա, կարծում եմ, ամեն ինչ լավ է լինելու: Համակարգին ծանոթ եմ»,- ասաց Ալբերտ Մարգարյանը:
Իր պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո, թե ի՞նչ է անելու Մարգարյանը, դեռ չի որոշել: Ժամանակը ցույց կտա:


























Comments