Սարգսյանն ու Զաքարյանն արդեն մանդատ ունեն և պետք է ազատ արձակվեն. Վարդևաանյան. «News.am»
Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը եւ Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը պետք է անհապաղ ազատ արձակվեն այն պարզ պատճառով, որ իրենք արդեն ԱԺ պատգամավոր են, ԿԸՀ-ն նրանց տվել է պատգամավորի վկայական: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» դաշինքից ընտրված պատգամավոր, դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:
Նա նշեց, որ արդեն երեկ իր դիմումը մուտքագրվել է դատախազություն.
«Դա անհապաղ քննության ենթակա հարց է: Այսինքն այստեղ կոնկրետ ժամկետների տրամաբանությամբ պետք չի նայել: Մենք ունենք ակնհայտ Սահմանադրության համապատասխանության հետ խնդիր ունեցող քննություն, մենք ունենք դատախազություն, որի պարտականությունն է հետեւել քրգործերով նախաքննության օրինականությանը: Իրենք արդեն գիտեն, որ Արթուր Սարգսյանն ու Մխիթար Զաքարյանն ունեն ԱԺ պատգամավորի կարգավիճակ, և պարտավոր են դրան արձագանքել անհապաղ: Կալանքը պետք է վերացվի»:
Օգոստոսի 2-ին ԱԺ առաջին նիստն է, որտեղ Արթուր Սարգսյանն ու Մխիթար Զաքարյանը պետք է իրենց ներկայացուցչական մանդատից ու կարգավիճակից բխող պարտականություններ կատարեն»,-ասաց Վարդեւանյանը:
Նա նկատեց, որ մի բան է ԿԸՀ-ի կողմից համաձայնություն տալ պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդման, լրիվ այլ իրավական ռեժիմ է, երբ թեկնածուն դառնում է պատգամավոր:
«Պատգամավոր դառնալու դեպքում գործում է արդեն Սահմանադրության 96-րդ հոդվածով նախատեսված իրավական կարգավորումները եւ անձնական անձեռնմխելիության երաշխիքները, որը նախընտրական շրջանում առկա չէ»,- ասաց նա:
Comments