Ջախջախված բանակով, մսխված սպառազինությամբ ի՞նչ պատերազմ, մենք հո խելագա՞ր չենք. Սարգսյան
- Oct 1, 2021
- 1 min read

Արցախի հարցը լուծված չէ։ Այդ մասին այսօր «Հետպատերազմյան Հայաստան. ի՞նչ քայլեր ձեռնարկել» խորագրով ժողովի ընթացքում հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ քանի դեռ հստակեցված չէ Արցախի կարգավիճակի հարցը և քանի դեռ արցախահայության անվտանգությունը լրջագույն սպառնալիքի տակ է, այդ հարցը լուծված համարել չի կարելի։
«Ուզում եմ հույս հայտնել, որ հայ ժողովուրդը չի մոռացել իր արժանապատվության և իրավունքների մասին, չի մոռացել իր հազարամյա պատմության դառը դասերը։ Պարտության և դավաճանության խարան կրող իշխանությունները մեզ փորձում են ներկայացնել որպես պատերազմի հրձիգներ՝ հանրության շրջանում բորբոքելով նոր պատերազմի վախեր։ Ուզում եմ հայտարարել՝ մենք պատերամի կուսակցություն չենք, մենք պատերազմ չենք ուզում։ Մենք պատրաստ էինք, հիմա էլ պատրաստ ենք ցանկացած զոհողության, բայց ոչ հիմար որոշումների արդյունքում հազարավոր մարդկանց մահվան բերան տանելու»,- նշեց նա։
Ըստ Սերժ Սարգսյանի՝ կապիտուլյանտները նոյեմբերի 10-ին մեզ կերակրում էին խաղաղությամբ, այնինչ մենք մինչև այսօր շարունակում ենք կորուստներ կրել։
«Ջախջախված բանակով, մսխված սպառազինությամբ, քայքայված պետական ինստիտուտներով ի՞նչ պատերազմ, մենք հո խելագար չենք»,- նկատեց նա։
Միևնույն ժամանակ, ՀՀ երրորդ նախագահն ասաց, որ իրենք շարունակում են պնդել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։
«Մեր խնդիրն է առավելագույն ջանքեր գործադրել և նպաստել երկրի ներսում և երկրի շուրջ արդարության վերականգնմանը»,- նշեց նա։
Comments