Այո՛, պատերազմից հետո Օնիկ Գասպարյանը զանգահարել է ինձ․ Սերժ Սարգսյան

Արաբկիր վարչական շրջանում քաղաքացիների հետ հանդիպմանն այսօր «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հաստատեց, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը զանգահարել է իրեն պատերազմից հետո։
«Կարող եմ հաստատել փաստը, որ, այո՛, պատերազմից հետո՝ նոյեմբերի վերջին, Օնիկ Գասպարյանն ինձ զանգահարել է: Այդ ընթացքում, իհարկե, կոշտ, կոպիտ խոսքեր եղել են»,- ասաց նա։
Սերժ Սարգսյանը նշեց, որ չի հիշում՝ Փաշինյանի հասցեին հայհոյանքներ հնչե՞լ են, թե՞ ոչ։
«Բա ի՞նչ անեինք, գովեի՞նք, ասեինք՝ ապրես։ Անկեղծորեն պետք է ասեմ, որ Օնիկ Գասպարյանը մեր զինվորականների լավագույն հատվածին է պատկանում։ Բայց չեք կարծո՞ւմ, որ ծիծաղելի է, երբ Նիկոլի համերկրացին զանգում է ինձ ու իր անհամաձայնություն է հայտնում մարդուն, որն իրեն հռչակել է գերագույն գլխավոր հրամանատար»,- նշեց նա։
Ներկայացնելով, թե ինչ է խոսել Օնիկ Գասպարյանի հետ՝ Սերժ Սարգսյանը պատմեց, որ Գասպարյանն իրեն զանգել է Սյունիքի մարզից, ասել է, որ, ըստ երևույթին, հայկական կողմը հանձնում է ավելին, քան պայմանավորված է եղել։
«Ես էլ ասել եմ՝ մի արատավորիր քո գեներալի պագոնները։ Որևէ կերպ պետք չէ նպաստել այլ գործողություններ կատարելուն»,- ներկայացրեց Սերժ Սարգսյանը։
Ըստ նրա՝ «կապիտուլյացիոն» փաստաթղթից զատ, բանավոր պայմանավորվածությամբ 288 քառակուսի կմ հանձնվել է, բայց եթե դա չհանձնվեր, Սյունիքը շատ, թե քիչ՝ կարող էր անվտանգ լինել։























Comments