Սերժ Սարգսյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին. «Sputnik Արմենիա»
- Sep 10, 2021
- 1 min read

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայցն ընդդեմ ԱԺ «քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի։ Այս մասին հայտնում է «Sputnik Արմենիա»-ն:
Ի դեպ, Սերժ Սարգսյանն իր հայցով դատի է տվել ոչ միայն իշխանական պատգամավորին, այլև ԱԺ աշխատակազմին՝ նրանցից պահանջելով հրապարակայնորեն հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները և հատուցել իր պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը։
Թե փոխհատուցման ինչ չափ է պահանջել Սարգսյանը, դատական տեղեկատվական համակարգում հրապարակված գործում չի նշվում։
Դատական գործը մակագրվել է ընդհանուր իրավասության դատարանի Քանաքեռի նստավայրի դատավոր Սերգեյ Սահակյանին:
Դատավարության մեկնարկի օրը դեռ նշանակված չէ։
Օգոստոսի 25-ին ԱԺ նիստում ելույթ ունենալով` Խաչատուր Սուքիասյանն ասել էր, թե Սարգսյանը 100 միլիոն դոլարից ավելի գումար «կազինոներում կրվել է, նույն Բադեն-Բադեններում»:
Նրա պնդմամբ՝ այդ ամենը եղել է բանակի և պետության այլ ծախսերի հաշվին, և լայնամասշտաբ կոռուպցիա է եղել։
Սեպտեմբերի 6-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը դատական հայցը դատարան ներկայացնելուց առաջ դատարանի բակում հավաքված լրագրողներին հայտնել էր, որ որպես վնասի փոխհատուցում 1 միլիոն դրամ են պահանջելու, որը կփոխանցվի Զինվորների ապահովագրության հիմնադրամին։


























Comments