top of page

Հակառակորդն առաջխաղաղացում ունի նաեւ Գորիս-Սիսիան-Երևան ճանապարհի երկայնքով. Սեյրան Օհանյան

May 14, 2021
2 min read

Հակառակորդը շարունակում է իր դիրքերի բարելավումը ՀՀ տարածքում: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՊՆ նախկին նախարար, գնդապետ-գեներալ Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Սյունիքի և Գեղարքունիքի շրջանում հակառակորդի առաջխաղացմանը:


«Եթե երեկ խոսվում էր միայն Իշխանասարի հատվածում առաջխաղացման մասին, ապա այսօր ես տեղեկացա, որ ոչ միայն այդ վայրում է առաջխաղացումը, այլ նաև Գորիս-Սիսիան-Երևան ճանապարհի երկայնքով մինչև Սյունիքի դարպասներ որոշ հատվածներում էլ է առաջխաղացում եղել»,-մեզ հետ զրույցում ասաց ՊՆ նախկին նախարարը՝ արձանագրելով, որ սահմանին տիրող իրավիճակն արդյունք է ոչ ճիշտ կառավարման և Հայաստանի օրեցօր գահավիժող ինքնիշխանության։


«Այս ամենը արդյունք է նրա, որ մեզ մոտ բացակայում է արդյունավետ կառավարումը, իսկ պարտությունից հետո օրըստօրե մեր երկրի ինքնիշխանությունը գահավիժում է: Ապիկար, անգրագետ կառավարության օրոք երկիրը տարանք պատերազմի և պարտության, այդ պարտությունները շարունակական են լինելու, որովհետև հակառակորդը զգում է, որ մենք թույլ ենք և ճնշումները Հայաստանի վրա շարունակվելու են: Այս իշխանությունները, եթե մի քիչ հայրենասեր լինեին, պատվի մասին մտածեին, ապա վաղուց հրաժարական կտային, որպեսզի երկրում տիրող մթնոլորտը ավելի չվատանար»,-ասաց Օհանյանը:


ՊՆ նախկին նախարարը կարծում է, որ հակառակորդի կողմից մեկ-երկու դիրքի առաջ տալը դեռևս հիմնավոր առիթ չէր, որպեսզի Հայաստանը դիմեր ՀԱՊԿ-ին.


«Միգուցե սա առիթ է դիմելու ՄԱԿ-ին, որպեսզի հակառակորդի սադրանքները նշենք, բայց նորմալ իշխանության և ինքնիշխանության պայմաններում, սեփական ԶՈՒ-երը իրենք պետք է լուծեն երկրի սահմանների պաշտպանության հարցը՝ ԱԱԾ-ի հետ համատեղ, բայց քանի որ մեր երկրում անիշխանություն է և ինքնիշխանությունը բացակայում է, այլ բան չի մնում, քան դիմել միջազգային օգնությանը, իսկ միջազգային օգնության առաջին քայլը ՀԱՊԿ-ն է, մեզ առաջինն աջակցողը մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ն է: Դրան զուգահեռ պետք է մեր պետությունը ևս քայլեր անի, ՀԱՊԿ-ին դիմել ենք, իսկ մե՞նք ինչ են անում տեղում, այս ամենը պետք է իշխանությունը բացատրի»,-ասաց Օհանյանը:


Իսկ ինչպե՞ս է գնահատում, որ հակառակորդի զինվորները կարողանում են անարգել մտնել ՀՀ սուվերեն տարածք և որևէ դիմադրություն չարժանանան, Օհանյանն արձագանքեց.


«ՀՀ իշխանությունները պետք է պարզաբանեն՝ ինչպես է ստացվել, որ հակառակորդը կարողացել է շրջանցել մեր դիրքերը և առաջ գալ այդքան խմբավորումներով, ինչո՞ւ կարևոր ռազմավարական հատվածներում դիրքերը կահավորված չեն, տեսադիտարկման սարքեր չկան: Իհարկե, 5-6 ամսվա ընթացքում դիրքերն ամբողջությամբ կահավորել հնարավոր չէ, բայց իրենք պետք է գերակայությունը որոշեին և կահավորեին: Այդ ո՞նց էր, որ պատերազմի ժամանակ յուրաքանչյուր դիրք հրամանատարական կետում տեսադիտարկման սարքերով, տեսախցիկներով դիտարկվում էր, իսկ հիմա դա չեն անում, այս ամենը դրա արդյունք է»,-ասաց Օհանյանը և ավելացրեց՝«Կոչ կանեի այսօրվա իշխանությանը՝ դուրս գալ իրենց աշխատասենյակներից, հագնել զինվորական համազգեստ և գնալ առաջնագիծ, սահմանները պաշտպանել»:


Հարցին՝ ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցիներն ինչո՞ւ չեն ձերբակալվում կամ գերեվարվում, Սեյրան Օհանյանը պարզաբանեց.


«ՀՀ սահմանները և նրա անձեռնմխելությունը մարտական կանոնադրությունների համաձայն են պաշտպանվում, իսկ մարտական կանոնադրությունում նշված է ՝ սահմանը խախտելու դեպքում պետք է ձեռնարկվեն բոլոր հնարավոր միջոցները՝ մինչև ուժի կիրառում և զենքի օգտագործում, որպեսզի խախտումը կանխվի»,-ասաց զրուցակիցը՝ ընդգծելով, որ ՀՀ պետական մարմինները հստակ տեղեկություններ պետք է տան հանրությանը, որպեսզի ավելորդ քաոս և խառնաշփոթ չառաջանա.


«Մեզ մոտ հակառակն է տեղի ունենում, հասարակությունը և լրատվամիջոցներն են բարձրաձայնում սահմանին առկա իրավիճակի մասին, իսկ իշխանության և նրանց հարող արբանյակների կողմից խոսակցություն է տարածվում, թե պանիկա են տարածում անվտանգային խնդիրների մասին բարձրաձայնողները»,-ասաց Սեյրան Օհանյանը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page