top of page

Հայաստանի և Ճապոնիայի միջև ձևավորվել են բարեկամական հարաբերություններ․ Նիկոլ Փաշինյան

Oct 7, 2021
1 min read


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդային՝ պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Այդ մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:


Ուղերձում ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ճապոնիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:


Գոհունակությամբ եմ արձանագրում, որ անցած տարիներին Հայաստանի և Ճապոնիայի միջև ձևավորվել են փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարեկամական հարաբերություններ, տարեցտարի ընդլայնվում է երկկողմ փոխգործակցությունը՝ ընդգրկելով տնտեսական և մշակութային կյանքի նորանոր բնագավառներ: Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում հայ-ճապոնական հարաբերությունները կհամալրվեն նոր ծրագրերով և նախաձեռնություններով: Հայաստանը և հայ ժողովուրդը երախտապարտ են Ճապոնիային շարունակական աջակցության համար, որը կարևոր դերակատարություն ունի մեր երկրի զարգացման գործում:


Մեծ նշանակություն տալով Ճապոնիայի հետ սերտ կապերի հետագա զարգացմանը՝ պատրաստակամություն եմ հայտնում ջանքեր գործադրելու մեր երկրների միջև առկա կապերն էլ ավելի զարգացնելու և ամրապնդելու ուղղությամբ՝ ի շահ մեր ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page