Սոցապ նախարարն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գրասենյակի փոխտնօրենին
- Nov 8, 2021
- 1 min read

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության վաշինգտոնյան գրասենյակի փոխտնօրեն Ալեքսանդր Սոկոլովսկու գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են նախարարությունից։
Կարևորելով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ շուրջ 30 տարվա գործակցությունը՝ Նարեկ Մկրտչյանն ընդգծել է համատեղ իրականացված ծրագրերի արդյունավետությունը՝ Հայաստանի ժողովրդավարության, տնտեսական և սոցիալական զարգացման գործում։ Նախարարը մասնավորապես նշել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համագործակցությունն ընթանում է մի շարք ուղղություններով՝ աշխատանքային իրավունքներ, հաշմանդամություն ունեցող անձանց և երեխաների հիմնահարցեր, պայքար մարդկանց թրաֆիքինգի դեմ և այլն։ Գործակալության հետ արդեն իսկ մեկնարկած աշխատանքային հանդիպումների ընթացքում ներկայացվում և քննարկվում են նախարարության հետ համագործակցության մանրամասները։
«Մենք կարևորում ենք աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում ԱՄՆ ՄԶԳ-ի հետ երկարամյա արդյունավետ համագործակցությունը, որը, կարծում եմ, սերտացման և զարգացման մեծ ներուժ ունի։ Հուսով եմ, որ այսօրվա հանդիպման արդյունքներով, կնպաստենք համագործակցության արդյունավետության բարձրացմանը, քանի որ մեր համատեղ նպատակը նույնն է՝ խոցելի խմբերի իրավունքների լիարժեք իրացում և խթանում, կայուն զբաղվածության ապահովում, սոցիալական ծառայությունների մատուցման համակարգի կատարելագործում», - նշել է Նարեկ Մկրտչյանը։
Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև 2020թ․ պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված և ՀՀ-ում բնակվող անձանց ուղղված աջակցության ծրագրերի իրականացումը, ներկայացվել գործող միջոցառումների մանրամասները, քննարկվել այս ուղղությամբ հնարավոր համագործակցության տարբերակները։
Ալեքսանդր Սոկոլովսկին ևս, բարձր գնահատելով համատեղ իրականացված ծրագրերի ընթացքն ու արդյունքները, կարևորել է նախապես քննարկված հարցերի շուրջ շարունակական աշխատանքների իրականացումը։
«Հայաստանի Հանրապետության կառավարության հետ ունենք գործակցության բարձր մակարդակ։ Ես վերահաստատում եմ ԱՄՆ կառավարության դիրքորոշումը՝ աջակցելու Հայաստանի ժողովրդավարության և տնտեսության զարգացմանը», -հանդիպման ընթացքում նշել է Ալեքսանդր Սոկոլովսկին։
Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքային հանդիպումները ընթացիկ ծրագրերի վերաբերյալ և քննարկել համագործակցության հետագա զարգացման հնարավորությունը։


























Comments