Հնարավոր է այնպես ստացվի, որ ինչ-ինչ պատճառներով մի շարք մանկապարտեզներ փակվեն. Սոֆյա Հովսեփյան

ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը խորհրդարանում տեղեկացրեց, որ հանդիպումներ է ունեցել մասնավոր մանկապարտեզների տնօրենների հետ, ովքեր ասոցիացիա են ստեղծել, բարձրաձայնել են մի շարք խնդիրներ։ Ըստ սպասվող փոփոխությունների՝ նախադպրոցական ծառայությունները լիցենզավորման դաշտ կբերվեն։
«Խնդիրը նրանում է, որ լիցենզիայի մասին օրենքի ընդունումից հետո պետք է մշակվեն ենթաօրենսդրական կարգեր, սակայն Առողջապահության նախարարության այս պահին գործող կարգերը լուրջ խնդիրներ են առաջացնում մասնավոր մանկապարտեզների համար և հնարավոր է այնպես ստացվի, որ ինչ-ինչ պատճառներով մի շարք մանկապարտեզներ փակվեն, թերևս այդ կարգերում չեն տեղավորվում անգամ պետական մանկապարտեզները»։
Թեև հանձնաժողովում կարծիք է հայտնվել, որ «թող փակվեն մանկապերտեզները», Հովսեփյանը նշեց, որ նույն կարծիքին է նաև Առողջապահության նախարարությունը, սակայն այս հարցին չեն կարող մոտենալ արկածախնդրությամբ, քանի որ նախադպրոցական կրթության տարիք ունեցող երեխաների տանը մնալու խնդիրը լուրջ է։
«Այդ պարագայում կփակվեն գրեթե բոլոր պետական մանկապարտեզները և մենք կունենանք նախադպրոցական կրթության ձախողում»։
Պատգամավորը առաջարկեց, որ առաջարկվող կարգերը նպաստող լինեն կրթության կազմակերպման համար, ոչ թե քայքայեն, դեգրադացնեն ոլորտը։























Comments