Հարցեր, որոնք սահմանային միջադեպերին արձագանքելու պատճառով չհնչեցին ԱԺ-ում․ Սոս Հակոբյան
- Aug 26, 2021
- 1 min read

«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ստորև տե՛ս այն հարցերը, որոնք «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը չհասցրեց ներկայացնել իր ելույթում երեկվա սահմանային միջադեպերին արձագանքելու պատճառով:
«1. Մի անգամ մինչև պատերազմը ձեզ հրապարակայնորեն հարցրեցի՝ ի՞նչ եք բանակցում Ղարաբաղյան հարցով. ինձ կամ այլ անձի պատասխանելիս ԱԺ-ում ասացիք՝ «ինչ ուզում, այն էլ բանակցում ենք»: Արդյունքները ողբերգական եղավ մեր ազգի և երկրի համար: Հիմա նորից հարցնում եմ՝ ի վերջո, կարո՞ղ եք ներկայացնել՝ որն է ՀՀ կառավարության դիրքորոշումը ղարաբաղյան հարցով, և որտեղ են մեր դիվանագիտական կարմիր գծերը այդ հարցում:
2. Ծրագրի մեջ գրված է. «Ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի Հանրապետության կառավարությունը ծառայեցնելու է ոչ թե տարածաշրջանային լարվածության աճին, այլ ընդհակառակը՝ տարածաշրջանի լիցքաթափման նպատակին»:
Հարց է առաջանում․ ինչպե՞ս եք պատկերացնում ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերի գործադրմամբ հասնել տարածաշրջանի լիցքաթափման նպատակին: Գուցե դա նշանակում է, որ Թուրքիային ավելորդ տեղը չնյարդայնացնելու համար պատրաստվում եք այլևս չբարձրաձայնել ցեղասպանության միջազգային ճանաչման անhրաժեշտությունը։
Առաջարկում եմ` հստակ և ուղիղ հայտարարեք, որ Հայաստանը երբեք չի հրաժարվելու ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջից և չի մտնելու որևէ գործընթացի մեջ, որի հետևանքով կասկածի տակ կարող է դրվել հայ ժողովրդի ցեղասպանության ենթարկվելու փաստը:
3. Ծրագրում մի քանի կետերով խոսվում է 5-րդ սերնդի պատերազմական գործիքակազմի, տեխնոլոգիական արդիականացման և այլ կարևոր հարցերի մասին: Մինչև պատերազմի մեկնարկը հայտարարվում էր, որ Արցախի Հանրապետության օդը լիարժեք փակ է, բայց հայտնի է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում, բացի քաղաքական օղակի կառավարման տապալումից, մեր ԶՈՒ համար մեծ խնդիրներ առաջացրին և հազարավոր զինվորների կյանքեր խլեցին Ադրբեջանի հարվածային ԱԹՍ-ները: Թույլատրելիության սահմաններում ի՞նչ կարող եք ասել, մեր կողմից այդ սպառնալիքին դիմակայելու տեսանկյունից ինչ քայլեր են իրականացվել հետպատերազմյա մեկ տարվա ընթացքում: Արդյո՞ք լայնածավալ ռազմական ագրեսիայի պարագայում մենք ունենք կարողություններ` դիմակայելու թշնամու կողմից մեծ թվով ԱԹՍ-ների օգտագործմանը»:


























Comments