Ինչո՞ւ չի կայանա ՀՀ ամենամեծ ստարտափ ֆորումը՝ Sevan Startup Summit21- ը
Updated: Jun 25, 2021

Sevan Startup Summit- ը (SSS21)՝ «Սևան Ստարտափ Սամմիթ», որը Հայաստանի ամենամեծ ստարտափ ֆորումն է, այս տարի չի կայանա։ Պատճառը շրջակա միջավայրի նախարարության արգելքն է, ոստ որի սամմիթի անցկացման վայրում՝ Նորաշենում արգելավայր է ստեղծվում, որպեսզի ապահովվի թռչունների հանգստի և ապրելակերպի բնական պայմանները։ Նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ միջոցառումը վնասում է նաև «Սևան» ազգային պարկի տարածքում հայկական որորի ձվադրմանը։
SSS21- ի կազմակերպիչները խնդրել են վերանայել որոշումը։ ՇՄ նախարարությունն առաջարկել է այլ վայր, որից նրանք հրաժարվել են բազմաթիվ անհարմարությունների պատճառով։
Sevan Startup Summit- ն, իր հերթին, այսօր ֆեյսբուքյան էջում ներկայացրեց պարզաբանում, որում, մասնավորապես, ասված է․
«2016- ից ստարտափը կազմակերպվում էր «Սևան» ազգային պարկի անմիջապես հարևանությամբ՝ Նորաշենի արգելավայրի տարածքում, որտեղ կատարվել է հսկայածավալ աշխատանք, տարածքը հարմարեցվել է կոնցեպտին։
Միջոցառման համակարգողները շրջակա միջավարի նախարարությունից տարածքի մերժման գրություն ստացել են այն ժամանակ, երբ այլևս հնարավոր չէր որևէ այլ վայրում իրագործելի դարձնել սամմիթի կազմակերպումը։ Առաջարկվող բոլոր այլընտրանքային տարածքները չեն համապատասխանել հարակից ենթակառուցվածքներով և չափերով։
Բացի այդ, միջոցառումը անցկացնելու թույլտվությունը զուգորդվում է այնպիսի պայմաններով, ինչպիսիք են, օրինակ, նախապատրաստական աշխատանքների կրճատումը, խարույկ չվառելը, տարածքում որևէ տեխնիկայի, մարդատար և բեռնատար տրանսպորտի մուտքի արգելքը, ձայնային և լուսային սրաքավորումների կիրառման բացառումը։ Դա թույլ է տալիս ենթադրել, որ խնդիրը քննարկող կողմն ուղղակի բացարձակ անտեղյակ է խնդրից կամ, որոշակի հանգամանքներ հաշվի առնելով, բյուրոկրատական քաշքշուկների շնորհիվ տարածքի մերժումը դիտավորությամբ ձգձգվում էր։ Նշված հանգամանքները ավելի քան անհնար են դարձնում միջոցառման անցկացումը»։
Ի դեպ, հայաստանյան ստարտափ էկոհամակարգի ամենամյա վրանային բիզնես ֆորումն այս տարի կայանալու էր հուլիսի 25-31-ը՝ միավորելով ձեռներեցներին, ներդրողներին և ստարտափերներին մեկ վայրում` Սևանի ափին։ Սամմիթի գլխավոր նպատակը տարբերվող բիզնես միջավայրի ստեղծումն է: Միավորելով ստարտափներին, ներդրողներին և մենթորներին մեկ հարկի տակ ոչ ֆորմալ պայմաններում՝ սամմիթը դառնում է գործնական հարաբերությունների զարգացման աննախադեպ միջավայր, նպաստում երկրում խոշոր ներդրումներին։ Օրինակ՝ Sevan Startup Summit 2019-ը հյուրընկալել է մոտ 10 000 մասնակցի աշխարհի գրեթե 45 երկրից։ Միջոցառման շրջանականերում ձեռք բերված ներդրումային պայմանավորվածությունները գերազանցել են 1 մլն դոլլարը։























Comments