top of page

Անկախությունը սակարկելի չէ. Սուրեն Պապիկյանը ուղերձ է հղել ՀՀ անկախության տոնի առթիվ

  • Sep 21, 2021
  • 1 min read


ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ուղերձ է հղել ՀՀ անկախության տոնի առթիվ․


«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձի կապակցությամբ: 30 տարի առաջ Հայաստանի ժողովուրդը միահամուռ կերպով և վճռականորեն «այո» ասաց անկախությանը՝ իր ձեռքը վերցնելով սեփական ճակատագրի կերտումը: Հայաստանն իր անկախությունը ձեռք բերեց ԽՍՀՄ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան, ինչն ապահովեց գործընթացի սահունությունն ու խաղաղ անցումը:


1991թ. անկախության հաստատումը հաշվարկված պրոցեսի արդյունք էր, խոշոր նվաճում հարյուրամյակներ շարունակ անկախ պետականությունից զրկված մեր ժողովրդի համար:

Անկախության ձեռք բերմանը զուգահեռ Հայաստանը հիմնադրեց պետական ինստիտուտներ և զարգացրեց դրանք: Իշխանության ճյուղերի ձևավորման հետ միասին Հայաստանը ստեղծեց բանակ, որը դարձավ սեփական անվտանգության կարևոր երաշխիքը: Սատար կանգնելով արցախահայության արդար պահանջին և վերջինիս անվտանգության երաշխավորը դառնալով՝ Հայաստանին հաջողվեց փրկել Արցախը գոյաբանական սպառնալիքից:


Նախընթաց տասնամյակներում մեր պետությունն անցավ թե՛ ներքին, թե՛ արտաքին մեծ ցնցումների միջով: Բոլոր կորուստներով և ձեռքբերումներով հանդերձ՝ այսօր Հայաստանում կա՛ հստակ գիտակցում, որ անկախությունը սակարկելի չէ. այն մեր ինքնությունն է, էությունը և հենց անկախությունն է պայմանավորելու մեր զարգացման հեռանկարը: Թեպետ անկախ Հայաստանն իր 30 ամյակը բոլորում է բարդ իրավիճակում, սակայն դժվարություններն անցողիկ են, իսկ հայկական անկախ պետականությունը՝ մնայուն: Յուրաքանչյուր պատմական փուլ ունի իր առանձնահատկություններն ու խնդիրները, որանք, սակայն, լուծելի են ու անցողիկ, մինչդեռ անկախ պետականությունն է, որ պիտի լինի հարատև:


Կրկին շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ՝ վստահությամբ, որ մեր ժողովրդի, Սփյուռքի և համայն հայության անսասան կամքով ու վճռականությամբ դիմագրավելու ենք ներկայիս մարտահրավերներին: Այսօր մենք պետք է փայփայենք մեր անկախ պետականությունը և ջանք չխնայենք այն ամրապնդելու, հզորացնելու և հաջորդ սերունդներին կայացած պետություն ժառանգելու հարցում»:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page