Մեծ Թուրանի պատնեշ. Սյունիքը պետք է վերածվի ռազմական ամրոցի. վերլուծական
- May 14, 2021
- 1 min read

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայերենով գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:
Նա, մասնավորապես, գրել է․ «Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են հայկական տարածք։ Նրանք պետք է անհապաղ հետ քաշվեն: Եվս մեկ անգամ ասում եմ հայ ժողովրդին` Ֆրանսիան համերաշխ է ու այդպիսին էլ կմնա»:
Սյունիքում իրավիճակը շարունակում է մնալ լարված․ ադրբեջանական զորքերը ռազմավարական կարևորության դիրքեր են գրավում՝ ստեղծելով Սյունիքի վրա հարձակման համար պլացդարմներ, այսինքն՝ հենակետերի ցանց, որոնք թույլ կտան կրակի տակ պահել Սյունիքով անցնող Հայաստանի համար կենսական շահեր ներկայացնող ճանապարհները։ Խոսքը վերաբերում է նաև Իրան-Հայաստան միջպետական ճանապարհին: Գեոպոլիտիկ հարմար իրավիճակի դեպքում Բաքուն կփորձի ռազմական ագրեսիայի միջոցով Սյունիքը կտրել երկու կողմից:
Պետք է հիշել, որ Բաքուն ամրապնդում է նաև Սյունիքի հարևանությամբ գտնվող Նախիջևանը: Այն վերածվել է ռազմական լուրջ գործոնի՝ ընդդեմ Սյունիքի, Վայոց Ձորի և մայրաքաղաք Երևանի: Այնտեղ տեղակայված հրթիռահրետանային, տանկային ուժերը, օդուժը, ցամաքային զորքերը կարող են Սյունիքի համար նոր ճակատ բացել արևմուտքից:
Արցախում տարածքային կորուստները լուրջ ազդեցություն են ունեցել Սյունիքի անվտանգության և պաշտպանունակության վրա: Այսօր Սյունիքը կորցրել է ռազմավարական խորությունը Նախիջևան-մերձարաքսյան շրջաններ հատվածից, ինչպես նաև Սիսիանի, Վայքի ուղղությամբ ադրբեջանական զորքերը կարող են հարվածներ հասցնել և Սյունիքն ու այնտեղ գտնվող հայկական և անգամ ռուսական զորքերին վերցնել շրջափակման մեջ՝ ռազմական տերմինաբանությամբ «котел» ստեղծելով:
Հայաստանը պետք է ամրապնդի դիրքերը Սյունիքում, այդ թվում՝ ռուսական ռազմական ներկայության միջոցով, որը զսպող դերակատարում կունենա նաև թուրք-ադրբեջանական տանդեմի համար:
Թուրքերը չեն համարձակվի գնալ ուղիղ բախման ռուսական զորքերի հետ: Սյունիքը պետք է վերածվի ռազմական ամրոցի՝ ինժեներական կառույցների, այնտեղ զորքերի հագեցվածության և ակտիվ պահեստազորի միջոցով: Սյունիքը պանթուրքիստների երազանքն է: Անկարան և Բաքուն ամեն ինչ անելու են այդ մարզը գրավելու կամ գոնե հայաթափելու համար՝ կրակի տակ պահելով Սյունիքի գյուղերը, քաղաքները, կարևորագույն ճանապարհները, գյուղատնտեսական նշանակության հողերը:
Comments