Ծեծել են մարզպետի որդուն

Օրերս ծեծել են Սյունիքի մարզպետի որդուն` Կարեն Պողոսյանին։ Կատարվածը, ըստ էության, օրեր առաջ Տաթևում տեղի ունեցած միջադեպի պատասխանն է եղել։
Ավելի վաղ, «Հրապարակը» հայտնում է, որ մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հայհոյախառն խոսակցություն է ունեցել Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանի հետ, վերջինիս մեղադրել է, որ համակրանք չի դրսևորում իշխանության նկատմամբ։ Լեզվակռվի արդյունքում ծեծկռտուք էր սկսվել։ Ականատեսները պատմել էին, որ Մելիքսեթ Պողոսյանը նյարդայնացած հեռացել էր դեպքի վայրից, ավելի ուշ ոստիկաններ ուղարկել Գոռ Մինասյանի հետևից։ Իսկ երբ վարչական ղեկավարը դուրս էր եկել ոստիկանության շենքից մոտ 30 հոգով փորձել էին ծեծել։ Ըստ ականատեսների, դեպքը հրահրել էր մարզպետի որդին, ում այսօր ևս ծեծի են ենթարկել` հավանաբար, փորձելով պատասխան տալ օրեր առաջ կատարվածի համար։
«Հրապարակը» փորձել է տեղեկանալ Մելիքսեթ Պողոսյանից, սակայն նա չի պատասխանել հեռախոսազանգերին։ Փորձեցինք տեղեկությունը ճշտել ոստիկանությունից՝ հարցրեցինք, թե ոստիկանությունում հաղորդում ներկայացվե՞լ է Սյունիքի մարզպետի որդուն ծեծի ենթարկելու վերաբերյալ, ոստիկանությունից պատասխանեցին, որ Գորիսի և Կապանի բաժիններում հաղորդում չի գրանցվել, հարցրինք՝ ընդհանրապես Կարեն Պողոսյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ հաղորդում ներկայացվե՞լ է, սակայն մեզ ասացին, որ ընդհանուր կտրվածքով հարցին պատասխանել չեն կարող, որովհետև պետք է բոլոր բաժիններ հերթով զանգեն։
Տեղեկությունը փորձել են ճշտել Տաթևի համայնքի ղեկավարի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Մուշեղ Հովսեփյանից, որին շաբաթներ առաջ ազատել էին աշխատանքից՝ Փաշինյանին չհամակրելու համար։ Հովսեփյանին հարցրինք, թե տեղյա՞կ է՝ ինչո՞ւ են ծեծել մարզպետի որդուն, Հովսեփյանն ասաց, որ ինքը տեղյակ չէ ոչ ծեծելու հանգամանքից, ոչ էլ դրա պատճառներից։























Comments