Մխիթար Զաքարյանին ձերբակալելու մասին որոշման դեմ բողոք կներկայացվի

Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին ձերբակալելու մասին որոշման դեմ բողոք կներկայացվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Գայանե Պապոյանը։
Փաստաբանը հայտնեց, որ առավոտյան ժամը 10։34-ին հայտնվել են Քննչական կոմիտեում, ոչ ոք չէր բացատրում, թե ինչի համար է Զաքարյանը հրավիրվել ՔԿ, ինչ կարգավիճակով։ Պապոյանի խոսքով՝ սպասել են մոտ 4 ժամ միջանցքում, ընթացքում էլ բերման են ենթարկել քաղաքացիների՝ խայտառակ վատ ձևով։
«Քննչական խմբի ղեկավարին հայտարարեցինք, որ մենք ազատ ենք, քանի որ Զաքարյանին ոչ ոք չի ներկայացնում, թե ինքն ինչ կարգավիճակ ունի, Զաքարյանը կարող է ուղղակի դուրս գալ, սակայն Զաքարյանն ասաց, որ չի ցանկանում՝ անցանկալի երևույթներ լինեն, քաշքշուկներ լինեն, մենք կսպասենք հասկանանք՝ ինչ գործողություններ են կատարելու»,- նշեց Պապոյանը։
ՔԿ-ում ժամը 14։30-ի սահմաններում ինքնակամ ներկայանալու մասին արանագրություն են կազմել, բայւց 10 րոպե անց կազմել են ձերբակալման արձանագրությունը, հայտարարում, որ Զաքարյանը ձերբակալված չէ։
Փաստաբանի դիտարկմամբ՝ ըստ վարույթն իրականացնող մարմնի Զաքարյանը ներկայացվում է որպես կազմակերպիչ, սակայն չեն կարողանում բացատրել կասկածանքի էությունը, մասնավորապես, պաշտպանական կողմին չի բացատրվել, թե Զաքարյանն ինչ գործողություններ կատարելով է կազմակերպել նշված իրադարձությունները։ Պապոյանի խոսքով՝ Զաքարյանը ցուցմունք է տվել, որ քրեական գործը շինծու է, չի ընդունում կասկածանքը։
Փաստաբանի խոսքով՝ կասկածանքը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերով։
Նյութի աղբյուրը՝ pastinfo.am























Comments