«Սահմանամերձ շրջանների բնակիչների համար պետք է հակամրցակցային պայմաններ ապահովենք»․ Թ․ Թովմասյան

«Մենք ներկայացրել էինք նախագիծ, ըստ որի՝ սահմանամերձ համայնքների ցանքատարածքներից ստացված բերքի իրացումը պետք է ՀՀ Կառավարությունը երաշխավորեր, սակայն այդ նախագիծը մերժվեց»,- այսօր ԱԺ հերթական նիստում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Պատգամավորը նշեց, որ այդ նախագիծը ներկայացվել էր, քանի որ տարիների ընթացքում որքան շատ է խոսվում գյուղատնտեսության զարգացման մասին՝ հատկապես սահմանամերձ շրջաններում, այդքան գյուղատնտեսությամբ զբաղվելու տենդենցը շարունակում է նվազել:
«Իսկ 2020 թվականի չարաբաստիկ պատերազմից հետո մեր սահմանամերձ համայնքների թիվը մեծացել է, և մենք՝ որպես պետություն, մեծապես խնդիր ունենք այդ համայնքներում խթանելու գյուղատնտեսության զարգացումը: Իսկ խրախուսելու ձևն այն է, որ պետք է այնպես անենք, որ գյուղացու մշակած բերքը վաճառվի: Եթե իրացման խնդիրը լուծվում է, ապա գյուղատնտեսությունը հաջողում է»,- նկատեց նա:
Թագուհի Թովմասյանի դիտարկմամբ, հիմա Հայասանում այնպիսի իրավիճակ է, որ գյուղատնտեսական ապրանքների իրացման խնդիր չունեն միայն խոշոր կազմակերպությունները, իսկ շարքային գյուղացին շարունակում է մենակ մնալ, և չի կարողանում վաճառել իր աճեցրած բերքը: «Կարծում եմ, որ սահմանամերձ շրջաններում պետք է ցույց տանք, որ պետությունը տեր է կանգնում իր քաղաքացուն, և շարունակում է խթանել գյուղատնտեսության տարբեր ճյուղեր՝ 100 տոկոս իրացվելիություն ապահովելով: Եվ մեր բերած նախագիծը մերժեցին՝ ասելով, թե մրցակցության հետ կապված խնդիր կարող է առաջանալ: Այսինքն՝ հիմա սահմանամերձ համայնքի բնակիչը որևէ մրցակցության մե՞ջ է որևէ այլ բնակավայրի բնակչի հետ: Մենք սահմանամերձ շրջանների բնակիչների համար պետք է հակամրցակցային պայմաններ ապահովենք»,- կարծիք հայտնեց նա:























Comments