«Մենք մեզ չենք պաշտպանում, մի բան էլ մուննաթ ենք գալիս ՀԱՊԿ-ի վրա»․ Թագուհի Թովմասյան

«Իսկապես շատ բարդ իրավիճակում ենք գտնվում, մարդիկ գերեվարվել են այն տարածքներից, որոնք մերն են։ Հիմա մենք պետական սահման չունենք, չկա, բայց իներցիայի ուժով այս տարածքները մերն են»,- այսօր ԱԺ հերթական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նրա խոսքով, հիմա ստացվում է, որ «մեզ մեր տարածքում գերեվարել են», ինչն, ըստ պատգամավորի, շատ վտանգավոր է, և անհասկանալի է՝ ինչ հետևանքներ կարող է դա ունենալ։ «Եվ չգիտեմ՝ ինչ հանգամանքներում է, որ մենք համարժեք գործողություն չենք իրականացնում այն դեպքում, երբ կոնկրետ Գեղարքունիքի կոնկրետ հատվածներում նրանք մխրճվել են հենց մեր տարածք։ Մենք գերին չենք վերցնում, իսկ իրենք մեր տղաներին գերեվարում են՝ ասելով, թե նրանք դիվերսանտներ են»,- նշեց նա։
Պատգամավորը տեղեկացրեց, որ անկախ պատգամավորները նախատեսում են ԱԺ արտահերթ նիստ հրավիրել, որտեղ ներկա կլինեն պաշտպանության նախարարն ու ԳՇ պետը։ «ՀՀ ՊՆ-ն և ԳՇ-ն պարտավոր են պաշտպանել մեր սահմանները, և պետք է հասկանանք՝ ի՞նչ խոչընդոտներ կան, ի՞նչ անելանելի իրավիճակներ կան։ Պետք է հասկանանք՝ ումի՞ց ենք ինչ ակնկալում»,- ասաց Թագուհի Թովմասյանը։
Դիտարկմանը, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ այս ամենում, գուցե, իր դերն ունի նաև ՀԱՊԿ-ի՝ չկրակելու կոչը, Թագուհի Թովմասյանը արձագանքեց՝ ասելով, որ կա մի ճշմարտություն՝ եթե դու չես ուզում քեզ պաշտպանել, ապա որևէ մեկը դա չի անի քո փոխարեն։
«Հիմա մենք կարող ենք դիմել ՀԱՊԿ, ՄԱԿ, տարբեր կառույցներ, բայց ի՞նչ է դա տալու մեզ։ Արդեն ծիծաղելի է դառնում՝ մենք մեզ չենք պաշտպանում, ու ակնկալում ենք, որ ուրիշները դա անեն, մի բան էլ՝ մուննաթ ենք գալիս»,- ասաց նա։ Պատգամավոր դիտարկմամբ, ՀՀ ԳՇ պետը պիտի պատասխանատվության ենթարկվի՝ ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը խախտելու համար, երբ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները մեր երկրի ներսում են։
«Երբ ես շաբաթներ առաջ բարձրաձայնում էի սահմանների անվտանգության խնդրի մասին, այս ամենն ինձ համար տեսանելի էր։ Երբ մենք ադրբեջանական զինուժի համար բացել ենք մեր սրտերը, մեր հոգիներն ու դռները, ստացվում է, որ իրենք գալիս ու գալու են։ Ես ասել էի և հիմա էլ ասում եմ՝ մենք կահավորված առաջնագիծ չունենք ու չունեինք, և դրա համար էլ ունենք խոցելի սահմաններ։ Եվ երբ ես հարց էի տալիս, պետք է ոչ թե մուննաթ գային, այլ պետք է քայլեր անեին։ Ադրբեջանցիները տեսնում են՝ մեզ մոտ ինչ է կատարվում, նրանց անգամ հեռադիտակ պետք չէ։ Ու հիմա, կարծում եմ, պետք է սխալները շտկենք»,- ասաց նա։
Պատգամավորը հավելեց, որ առաջնագիծը չի կահավորվել, քանի որ նման հրաման չի տրվել, և այժմ հարց է առաջանում՝ ինչո՞ւ չի տրվել նման հրահանգ․ «Սա ամենագլխավոր հարցն է, որ այսօր ծառացած է մեր առաջ»։























Comments