top of page

Թալիբանն իր գաղափարները կարող է «արտահանել» Կենտրոնական Ասիա

Aug 17, 2021
1 min read


Աֆղանստանում Թալիբան շարժման իշխանության գալն ազդեցություն է թողնելու նաև Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում առկա ստատուս-քվոյի վրա: Աֆղանստանի հյուսիսում բնակվում են կենտրոնականասիական ժողովուրդներ՝ թուրքմեններ, ուզբեկներ, տաջիկներ, ինչը Թալիբանի ազդեցության լծակն է Կենտրոնական Ասիայի երկրների վրա:


Հյուսիսային ալյանսը, որը տարիներ շարունակ պայքարում էր Թալիբան շարժման դեմ, բաղկացած էր տաջիկներից և ուզբեկներից,կազմաքանդված է: Հյուսիսային ալյանսը փաստացի բուֆերային գոտի էր ստեղծում Աֆղանստանի հյուսիսում՝ Թալիբանի ներթափանցում Կենտրոնական Ասիա թույլ չտալու համար: Այսօր Աֆղանստանի սահմանները Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի հետ հսկում են Թալիբանի անդամները: ՀԱՊԿ-ի անդամ Տաջիկստանի համար դա անվտանգության լրջագույն սպառնալիք է Թալիբանն ապագայում իր ազդեցությունը Աֆղանստանի տաջիկների միջոցով կարող է տարածել նաև Տաջիկստանում, որտեղ մեծ է աղքատության մակարդակն ու հասարակության համար հնարավոր է ընդունելի դառնա Թալիբանի առաջ քաշած սոցիալ-քաղաքական մոդելը:


Նույն իրավիճակն է նավթով ու գազով հարուստ Թուրքմենստանում, որտեղ բնակչությունը ծայրահեղ աղքատության մեջ է: Ուզբեկստանի պարագայում իրավիճակն այլ է այդ երկիրն ունի բավականին ուժեղ զինված ուժեր, սակայն ժամանակին Ուզբեկստանում ակտիվ էր Ուզբեկստանի իսլամական շարժում կազմակերպությունը: Կենտրոնական Ասիայի երկրները զգուշանում են Թալիբանի հնարավոր հարձակումից կամ Թալիբանի դավանած իսլամիստական գաղափարախոսության տարածմամբ իրենց երկրների տարածքում:


Նշենք, որ տարածաշրջանում պետք է կյանքի կոչվի Թուրքմենստան-Աֆղանստան-Պակիստան-Հնդկաստան գազամուղը: Շինարարական աշխատանքները մեկնարկել էին, սակայն Թալիբանի իշխանության գալը կարող է փոխել իրավիճակը: Աֆղանստանի նկատմամբ հսկողությունն անցել է Թալիբանի ձեռքը՝ գերտերությունները էներգետիկ, տրանսպորտային նախագծեր կյանքի կոչելու համար պետք է հաշվի նստեն Թալիբանի հետ:


Վերլուծությունը՝ Արտյոմ Բալասանովի

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page