Տարածաշրջանում խաղաղության հաստատման ՀՀ իշխանությունների օրակարգը կեղծ է․ «Զարթոնք»
- Nov 8, 2021
- 1 min read
Տարածաշրջանում խաղաղության հաստատման վերաբերյալ Հայաստանի իշխանությունների քաղաքական օրակարգը կեղծ է, իսկ դրա իրականացումը՝ ոչ իրատեսական: Նման հայտարարությամբ է հանդես եկել «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցությունը։
«Տարածաշրջանում խաղաղության հաստատման վերաբերյալ Հայաստանի իշխանությունների քաղաքական օրակարգը կեղծ է, իսկ դրա իրականացումը՝ ոչ իրատեսական:
ՀՀ իշխանությունների կողմից շրջանառվող տարածաշրջանային կումունիկացիաների ապաշրջափակումը ո՛չ միայն տեսականորեն, այլև գործնականում չի կարող հանդիսանալ տարածաշրջանում խաղաղության հաստատման նախապայման:
Ադրբեջանի հետ ստորագրված պայմանավորվածությունների վրա հույս դնելը ոչ միայն անիրատեսական է, այլ նաև՝ վտանգավոր, ինչի վառ ապացույցն է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ին և 8-րդ կետերի կոպիտ խախտումները Ադրբեջանի կողմից:
Ըստ գրավոր պայմանավորվածության Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերի վրա (1-ին կետ), կատարվում է ռազմագերիների և այլ ձերբակալված անձանց ու զոհվածների դիակների փոխանակում (8-րդ կետ), մինչդեռ 2020թ. նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանը ներխուժել է նաև Հայաստանի Հանրապետության տարածք, և առ այսօր բազմաթիվ ռազմագերիներ և պատանդներ գտնվում են Ադրբեջանում:
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը պնդում է, որ հնարավոր չէ տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղության հաստատման հասնել, քանի դեռ՝
1. Լուծված չեն գերիների և պատանդների հայրենադարձման, ինչպես նաև զոհվածների մարմինների վերադարձի հարցերը.
2. Լուծված չէ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը (ճանաչված չէ Արցախի Հանրապետությունը).
3. Լուծված չեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հարցերը.
4. Թուրքիան չի ճանաչել և դատապարտել 1915 թվականի ցեղասպանությունը: Հայաստանի և Արցախի շահերի դեմ ուղղված ցանկացած գործողություն պետք է մերժել:
Երբ իշխանության և ընդդիմության բոլոր ջանքերը կուղղվեն այս հարցերի լուծմանը, ապա կունենանք ազգային զարթոնք»,- նշված է հաղորդագրությունում։



























Comments