Տարեվերջին տնտեսական համագործակցություն կհաստատվի Գեղարքունիքի և Օմսկի մարզերի միջև

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել նախորդ խորհրդակցության ընթացքում մարզպետի կողմից տրված հանձնարարականների կատարման արդյունքներին։
Քննարկվել են համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի կատարման ժամանակ ի հայտ եկած թերությունների շտկման հետ կապված խնդիրները։ Այս մասին տեղեկացնում է մարզպետարանը:
Ըստ քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանի, նկատված թերությունները շտկելու համար շինարարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ, որի համար սահմանվել են նաև հստակ ժամկետներ։
Քննարկվել են նաև միջպետական, հանրապետական ու մարզային նշանակության ճանապարհները կենցաղային աղբից մաքրելու, համավարակի դեմ պայքարի միջոցառումների կատարման, սուբվենցիոն նոր ծրագրերի կազմման նպատակով համայնքապետարանների հետ համագործակցության, համայնքների խոշորացման քաղաքականության թեմայով հանրային քննարկումների կազմակերպման հետ կապված հարցեր։
Անդրադառնալով հոկտեմբերի 18-19-ին Երևանում կայացած Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովում Գեղարքունիքի մարզպետարանի մասնակցության արդյունքներին՝ մարզպետ Կարեն Սարգսյանը նշեց, որ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Օմսկի մարզի ներկայացուցիչների հետ՝ տարեվերջին Գեղարքունիքի և Օմսկի մարզերի միջև տնտեսական համագործակցություն հաստատելու ուղղությամբ։
Խորհրդակցության ավարտին Գեղարքունիքի մարզպետը ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկեկ է մարզպետարանի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության հարցը՝ առաջարկելով գտնել այնպիսի լուծումներ, որոնք թույլ կտան համակարգում կառավարման նոր մոդելների ներգրավմամբ ավելի արդյունավետ դարձնել փաստաթղթաշրջանառությունը։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ընթացիկ բնույթի այլ հարցեր և մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են նոր հանձնարարականներ։























Comments