16 տարեկանում անցորդին վրաերթի ենթարկած, նրա կյանքը խլած տղան՝ մեկ տարի անց 8 մեքենայով վթարի պատճառ

Երևանի բնակիչ, անչափահաս Արտյոմ Հակոբյանը, երկրորդ անգամ խոշոր վթարի պատճառ է դարձել։ Երկու օր առաջ մամուլը գրեց, որ ժամը 00։30-ի սահմաններում 17-ամյա Հակոբյանն իր վարած առանց համարանիշների BMW-ով Պուշկինի փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW X5, Mercedes S500, Mercedes, BMW, BMW X6, Toyota Camry, Volkswagen, Opel Astra մակնիշի ավտոմեքենաներին։
Մեր ունեցած տեղեկություններով՝ Արտյոմ Հակոբյանը 2020-ի դեկտեմբերի 20-ին, ժամը 00։30-ին Երևանի Պարոնյան փողոցում «Մերսեդես» մակնիշի մեքենայով վրաերթի էր ենթարկել 38-ամյա Արամ Ջիլավյանին, որը դեկտեմբերի 24-ին, ժամը 15.20-ին հիվանդանոցում մահացել էր։
Այդ ժամանակ վարորդը դեռ 16 տարեկան էր։ Նա վարել էր իր հոր՝ Ռուբեն Արծրունու Հակոբյանի անվամբ հաշվառված «Մերսեդես-Բենց» մակնիշի 35 NZ 404 համարանիշով մեքենան։ Նրան մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով՝ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ՃՏՊ, որն անզգուշությամբ առաջացրել է մահ և 244-րդ հոդվածի 1-ին մասով՝ թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայրը և հեռացել: Այդ գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 3-ին։
Թեմային անդրադարձել է նաև Անձնագրերի և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը։ Նա ֆեյսբուքյան էջում գրել է․
«16 տարեկան մի վիժվածք վրաերթով որբացնում է մանկանը՝ կյանիքից զրկելով 37 տարեկան կարգին հայ տղայի։ Դրանից հետո դեռ մի տարի չանցած, հարբած խոշոր վթարի հեղինակ է դառնում՝ ջարդելով 8 մեքենա (բարեբախտաբար, առանց մարդկային զոհերի)։ Առաջին հերթին հասարակությունը, հարևան-բարեկամները պետք է դրա հորը բարոյապես նվաստացնեն ամբողջ կյանքում, որ՝ եթե ի վիճակի չէիր սերունդ դաստիարակելու, չգնայիր մի անորակ ծնելու քայլին:
Երբեք ոչ մի ծնող չասի՝ ես տեղյակ չէի, մեքենան փախցրեց մեր երեխան: Օրենքով մեքենան առավել վտանգի աղբյուր է և դրա սեփականատերը նմանատիպ դեպքերում պետք է կրի ամենախիստ պատիժը»։























Comments