Կյանքից հեռացել է գրաքննադատ, արձակագիր, թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանը
- Sep 3, 2021
- 1 min read

81 տարեկան հասակում կյանքից հեռացել է գրաքննադատ, արձակագիր, թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:
«Անգնահատելի է նրա ավանդը հայ գրականության նորագույն շրջանի զարգացման, վաթսունականների գրական սերնդի զարթոնքի գործում: Այդ տարիներին նա օգնեց մի կողմ տանել Խորհրդային Միության երկաթե վարագույրները՝ երևան բերելով նոր տեքստի հեղինակների, նոր մանիֆեստի կոչնակների: Այդ սերունդն այսօր սիրված և ճանաչված է ոչ միայն գրական շրջանակներում, այլև հասարակության լայն շերտերում:
Մեծ է Ա․ Թոփչյանի ներդրումը նաև կինոաշխարհում: Սցենարական մշակման ճգնաժամային մի ժամանակահատվածում, որպես գլխավոր խմբագիր աշխատելով «Հայֆիլմ»-ում, նա կարողացավ աշխատանքը բերել կանոնական հունի: Դիտելով 1975-85 թթ. նկարահանված ֆիլմերը՝ անհնար է չտեսնել նրա ձեռագիրը. «Երկունք», «Կյանքի լավագույն կեսը», «Մեր մանկության տանգոն», «Հին օրերի երգը»: Հաջողության գաղտնիքը գրականությունը կինոյի հիմքում պահելու նրա անխախտ սկզբունքն էր:
Ակնառու է Ա․ Թոփչյանի ավանդը նաև թարգմանության ասպարեզում։ Նրա շուրջ ութ տասնյակ թարգմանությունների շնորհիվ հայ ընթերցողը ճանաչել է Ժորժ Ռոդենբախի, Շառլ-Ֆերդինանդ Ռամյուզի, Շառլ դը Կոստերի, Մորիս Մետեռլինկի, Դենի դը Ռուժմոնի, Ֆրանսուազ Սագանի և տասնյակ այլ ֆրանսագիր հեղինակների գրականությանը:
Անվանի գրաքննադատը, արձակագիրը, թարգմանիչը հայ ընթերցողներին է ներկայացրել նաև հայազգի օտարագիր և սփյուռքահայ գրողներին. Վահե Քաչա, Ժան-Բատիստ Բարոնյան, Վահե Գոդել, Վազգեն Շուշանյան, Զահրատ, Զարեհ Խրախունի և ուրիշներ:


























Comments