Թուրքիա-Ադրբեջան ռազմաքաղաքական սերտաճումը շարունակական է լինելու
- May 24, 2021
- 1 min read

Ադրբեջանական բանակը կմասնակցի Թուրքիայում մայիսի 24-ին մեկնարկող Anatolian Phoenix-2021 փրկարարաորոնողական զորավարժություններին: Ադրբեջանը ներկայացված է լինելու օդուժով և ռազմա-ծովային ուժերով: Զորավարժությունները տևելու են մինչև հունիսի 4-ը:
Թուրք-ադրբեջանական զորավարժությունները վերջին տարիներին ավելի ինտենստիվ են դարձել, ինչը պայմանավորված էր ղարաբաղյան հակամարտությամբ: Բաքուն պատրաստվում էր լայնածավալ պատերազմի, ինչպես նաև Թուրքիա-Ադրբեջան լիարժեք ռազմական տանդեմի ձևավորմամբ:
Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ցանկանում է արդիականացնել բանակը՝ հենվելով թուրքական ռազմական ներուժի՝ մասնագետների, ՆԱՏՕ-ական չափանիշների վրա․ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է:
Վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը ստեղծում է բանակ, որն իրենից ներկայացնելու է թուրքական բանակի փոքր մոդելը:
Ադրբեջանը դե-ֆակտո դառնում է Թուրքիայի մարզերից մեկը՝ դե-յուրե պահպանելով իր անկախությունը: Ադրբեջան-Թուրքիա էներգետիկ, տրանսպորտային, քաղաքական, տնտեսական, մշակութային, ռազմական սերտաճումը, փոխլրացումը շարունակական բնույթ է կրելու: Անկարանը հենվելով Ադրբեջանի վրա՝ իր ռազմաքաղաքական և տնտեսական ներկայությունն է ապահովելու նաև թյուրքախոս Կենտրոնական Ասիայում ու Կասպից ծովում: Ձևավորվում է Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան-Ղազախստան և Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան-Թուրքմենստան միջանցքները:
Ադրբեջանական բանակն արդիականացվում է իսրայելական և թուրքական, ռուսական և այլ երկրների զինատեսակների միջոցով: Ադրբեջանն ունենալով մեծ ֆինանսական ռեսուրսներ՝ նավթի ու գազի վաճառքից ստացված միլիարդներն ուղղում է բանակին: Բաքուն չի ցանկանում ռազմատեխնիկական կախվածություն ունենալ մեկ կամ երկու երկրներից՝ Իսրայելից կամ Ռուսաստանից, այդ պատճառով նրանք զենք և զինամթերք են գնում նաև «մեծ եղբայր» Թուրքիայից:
Ադրբեջանը տանկերն ու զրահատեխնիկան հիմնականում այս տարիների ընթացքում գնել է Ռուսաստանից, ինչպես նաև հետխորհրդային մի շարք երկրներից Ուկրաինա, Բելառուս, իսրայելցի և այլ մասնագետների օգնությամբ վերազինելով դրանք։ Ադրբեջանը նորագույն զինատեսակներ է գնում նաև Իսրայելից՝ անօդաչուներ, հրթիռային, ՀՕՊ համակարգեր:
Ապագայում Բաքուն կարող է գնել թուրքական հարվածային Atak ուղղաթիռներ, Altay տանկեր, Anca անօդաչուներ՝այդ կերպ օգտվելով թուրքական ռազմական արդյունաբերության ձեռքբերումներից:
Վերլուծություն՝ Արտյոմ Բալասանյանի


























Comments